Հայաստանում բարեգործական առաքելության շրջանակներում առաջին հիվանդը, որի հետ Starkey Hearing Foundation-ի հիմնադիր Ուիլյամ Օսթինը աշխատել է, 8-9 տարեկան տղա էր: Այս տղան ի ծնե խուլ  եւ համր էր: Լսողական սարքի բացակայությունը սակավաթիվ էր դարձրել նրա շրջապատը եւ իր հետքը թողել նրա հետագա կյանքի վրա:

«Այդ տղան սովորում է խուլուհամրերի դպրոցում, սովորում է ժեստերի լեզուն: Սա բավական սահմանափակում է նրա հնարավորությունները, քանի որ դպրոցական պատերից այն կողմ նա դժվար թե շատ մարդ գտնի, ովքեր տիրապետում են այդ լեզվին:  Եթե նա մանկուց լսողական սարք ունենար, կկարողանար նորմալ խոսել սովորել եւ հիմա սովորական դպրոց կհաճախեր, նա իրեն հասարակության ավելի լիարժեք անդամ կզգար», - NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասել է Ուիլյամ Օսթինը:

Այս տղան եւ լսողական խնդիրներ ունեցող ավելի քան 500 մարդ, այսօր Starkey Hearing Foundation-ի բարեգործական առաքելության շրջանակում անվճար լսողական սարքեր ստացան: Այս սարքի շնորհիվ նա առաջին անգամ ձայն լսեց: Իհարկե, վաղ թե ուշ նա կսովորի խոսել, բայց ոչ այնպես, ինչպես բոլորը.  Ուիլյամ Օսթինի խոսքով, եթե թույլ լսող երեխան մինչեւ 2-3 տարեկանը լսողական սարք է ստանում, նա արագ է սկսում խոսել եւ նրա խոսքը չի տարբերվում իր հասակակիցներից:  Իսկ եթե ժամանակը բաց է թողնվում, մարդը դեռ կարող է սովորել խոսել, բայց մյուս մարդիկ միշտ կնկատեն, որ նրա խոսքը ինչ-որ կերպ տարբերվում է:

Այս երեխայի պատմությունը ցույց է տալիս ինչպես ընդամենը մեկ լսողական սարքը կարող է  փոխել մարդու կյանքը: Դրա շնորհիվ, Օսթինի խոսքով, կազմակերպվել էր Starkey Hearing Foundation-ը, որպեսզի մարդկանց կյանքը դեպի լավը փոխեն: Արդեն մի քանի տասնամյակ բարեգործական առաքելությունը այցելում է աշխարհի տարբեր երկրներ՝ մարդկանց լսելու հնարավորություն նվիրելով: Հայաստանում առաքելությունն արդեն երկրոդ անգամ է լինում. առաջին այցը անցյալ տարի էր, այն կազմակերպվել էր Հայկուհի եւ Արմեն Կավուկչյանների շնորհիվ եւ 1800 մարդ լսողական սարք ստացան: Եւս 1300 թույլ լսող մարդ այս այցի ընթացքում նման սարքեր կստանա: Եվ այս այցը վերջինը չի լինի, խոստանում է Օսթինը. հաջորդ տարի կազմակերպությունը Հայաստան կվերադառնա:

«Մենք այս ամենն անում ենք, որովհետեւ մեզ համար միեւնույն չէ, քանի որ մենք հարգում ենք կյանքը: Դա ամենաքիչն է, ինչ մենք կարող ենք անել: Ես կարծում եմ, եթե այսօր ներդրումներ չանենք, մենք լավ վաղվա օր չենք ունենա: Մենք այսօր պետք է զարգացման, աշխարհի բարելավման մեջ ներդրումներ անենք, որպեսզի պայծառ ապագա ունենանք: Այս աշխատանքն անելն ինձ համար պատիվ է», - խոստովանել է Ուիլյամ Օսթինը:

Լոս Անջելեսում բնակվող Անահիտ Ամրանը բարեգործական առաքելության կամավորներից մեկն է. առաջին տարին չէ, որ նա մյուս հայերի հետ բարեգործական հիմնադրամի համար միջոցների հավաք է կազմակերպում, իսկ այս տարի էլ ինքն է միացել առաքելությանը, որպեսզի  սեփական աչքերով տեսնի, ինչ եւ ինչպես է այստեղ կատարվում: Նրա խոսքով, երբ մարդիկ ԱՄՆ-ում բարեգործական առաքելություններից լուսանկարներ եւ տեսանյութեր են դիտում, երբ ժպտացող երեխաների եւ մեծահասակների են տեսնում, որոնք  լսողական սարքերի շնորհիվ սկսել են նորմալ լսել, նրանք առանց տատանվելու հիմնադրամին գումարներ են նվիրաբերում՝ վստահ լինելով, որ ամեն մի լուման ըստ նշանակության է ծախսվելու:

«Մեր բախտը շատ բաներում բերել է եւ մեր երեխաները շատ հնարավորություններ ունեն, որոնք չունեն Հայաստանի երեխաները եւ մեծահասակները, - ասում է Անահիտ Ամրանը: Կան մարդիկ, որոնք չեն կարողանում թռչունների ծլվլոցը, տերեւների խշխշոցը լսել... Գիտեք, երբ ես տեսնում եմ մարդուն, նրա դեմքի արտահայտությունը, երբ նա առաջին անգամ լսում է շրջապատի ձայները...չեմ կարողանում բառերով փոխանցել, թե ինչ եմ ես զգում: Աչքերս արցունքներով են լցվում: Այսօր ես արդեն մի քանի անգամ արտասվել եմ: Երբ ես ինձ վատ զգամ, դժբախտ, ես կհիշեմ այս պահերը, այս ժպիտները եւ դա ինձ կօգնի սթափվել»:

ԱՄՆ-ից Քեվին Ռեյմոսը՝ Starkey Hearing Foundation-ի աշխատակիցներից մեկն է  եւ Հայաստանում արդեն երկրոդ անգամ է: Նրա խոսքով՝ բարեգործական առաքելություններին մասնակցելը նրա համար մեծ թվով մարդկանց կյանքի վրա ազդելու միջոց է:

«Ես շատ երկրներում եմ եղել, բայց Հայաստանն իմ ամենասիրելիների ցանկում է: Մարդիկ այստեղ այնքան հյուրընկալ են, այստեղ շատ լավ էներգետիկա է: Շուրջբոլորն էլ նույնպես այնքան գեղեցիկ է,- ժպտում է Քեվինը՝ ցույց տալով Ծաղկաձորի խնամված մարգագետինը. հենց այստեղ մայիսի 28-29-ին անցկացվում է բարեգործական առաքելությունը:

Լոս Անջելոսից Կարմեն Դավուդյանն, ի տարբերություն Քեվինի եւ նրա շատ գործընկերների, առաքելության շրջանակում առաջին անգամ է Հայաստան այցելում: Նա որպես կամավոր է եկել՝ պարզապես ցանկանալով օգնել իր ժողովրդին:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրուցելով, Կարմենը խոստովանել է, որ որքան էլ տարօրինակ է, բոլորովին չի հոգնել, թեեւ նրանք գործընկերների հետ մեկ օրվա ընթացքում ավելի քան 500 մարդու են սպասարկել. յուրաքանչյուրի համար պետք էր ընտրել եւ տեղադրել լսողական սարք, կարգավորել այն, բացատրել ինչպես օգտագործել:

77-ամյա Սերվենիկ Լոքիյանը այն հիվանդներից մեկն է, որը այսօր լսողական սարք է ստացել: Նրա խոսքով՝ արդեն երկու տարուց ավել վատ է լսում. նրա ականջներից մեկը հիպերտոնիայի պատճառով լրջորեն վնասվել է:

 «Երբ վատ ես լսում, անընդհատ նյարդայնանում ես, ամաչում, երբ քեզ ինչ-որ բան են հարցնում, իսկ դու չես կարողանում նորմալ լսել », - խոստովանել է կինը: Սարքով նա արդեն լավ է լսում եւ իրեն բավական հանգիստ է զգում:

Մարտունիից 12-ամյա Գոհարը, ի տարբերություն Սերվենիկի, երկու ականջների համար սարքերի կարիք է ունեցել: Գոհարն ամաչկոտ է, չխոսկան: Մինչեւ նրան սարքը տեղադրում էին, նրա մայրը՝ Նազելին, պատմել է․ երբ աղջիկը 1 տարեկան էր, ծանր հիվանդացավ, իսկ որոշ ժամանակ անց ծնողները սկսեցին նկատել, որ նա չի լսում, չի արձագանքում, երբ իրեն կանչում են: Այդ ժամանակ նրան լսողական սարք տվեցին, բայց այն անհարմար էր եւ աղջիկն անընդհատ ականջից այն հանում էր: Ծնողները ստիպված էին նրան ուրիշ սարք գնել, որը նա մինչ օրս կրում է: Այս սարքն արդեն 10 տարեկան է. այն արդեն մաշվել է եւ վերջերս լավ չի աշխատում. դրանում աղմուկ է առաջացել, որը խանգարում է աղջկան լսել:

Այսօր Գոհարը 2 նոր սարք է ստացել: Ճիշտ է, նա միեւնույն է ամաչում է հարցերին պատասխանել:

 «Լսողական սարքի հետ շատ անսովոր է,– խոստովանել է մյուս հիվանդը: Ծաղկաձորից Երեւան ուղեւորվող ավտոբուսում նստած՝ նա որոշ ժամանակ զարմացած գլուխն էր շարժում: - Ականջներումս ինչ-որ աղմուկ եմ լսում: Մտածում եմ՝ միթե սարքն է աղմկում: Հետո հասկացա, որ դա շարժիչի ձայնն է: Վաղուց այն չեմ լսել, հասցրել էի մոռանալ, թե ինչպիսին էր այն»: