2012թ աշխարհում ալկոհոլի չարաշահման պատճառով գրանցվել է 3,3 միլիոն մահվան դեպք, համաձայն ԱՀԿ տարեկան «Ալկոհոլի եւ առողջության բնագավառում առկա վիճակը 2014թ-ին» զեկույցի։ Զեկույցում ներկայացված են ԱՀԿ 194 անդամ-երկրների ալկոհոլի օգտագործման հիմնական բնութագրող հատկանիշները։ Ալկոհոլի օգտագործումը ոչ միայն կարող է կախվածություն առաջացնել, այլեւ մեծացնել ավելի քան 200 հիվանդությունների առաջացման վտանգը՝ ներառյալ լյարդի ցերոզ եւ քաղցկեղի մի քանի տեսակներ։ Բացի այդ, ալկոհոլի օգտագործումը կարող է հանգեցնել բռնությունների եւ վնասվածքների։

Միջին հաշվարկներով 15 տարեկանից բարձր յուրաքանչյուր մարդ ամեն տարի խմում է 6,2 լիտր մաքուր սպիրտ։ Բայց իրականում բնակչության կեսից քիչն է (38,3%) օգտագործում ալկոհոլ։ Դա նշանակում է, որ ալկոհոլի օգտագործողները տարեկան խմում են 17լ մաքուր սպիրտ։

Գլոբալ մասշտաբներով Եվրոպայում մեկ շնչին հասնող ալկոհոլի քանակը ամենաբարձրն է, ընդ որում որոշ եվրոպական երկրներ ունեն ամենաբարձր ցուցանիշները։ Վերլուծությունները ցույց են տվել, որ վերջին 5 տարվա ընթացքում ինչպես  այս տարածաշրջանում, այնպես էլ Աֆրիկայում եւ Ամերիկայում, այս ցուցանիշները  կայուն են մնացել։ Միեւնույն ժամանակահատվածում հարավ-արեւելյան Ասիայում եւ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան հատվածներում նկատվում է ալկոհոլի օգտագործման աճ։

Զեկույցում նաեւ նշվում է այն հանգամանքը, որ ալկոհոլի պատճառով մահացությունների դեպքերը արձանագրվում են տղամարդկանց 7,6%-ի մոտ՝ համեմատած կանանց 4%-ի հետ՝ չնայած կան փաստարկներ, որ կանայք ավելի խոցելի են առողջության որոշակի խանգարումների (տվյալ դեպքում ալկոհոլի չարաշահման) ժամանակ։ Բացի այդ, հեղինակները մտահոգություն են հայտնել առ այն, որ կանանց շրջանում ալկոհոլի կայուն օգտագործումը ավելի մեծ մասշտաբների է հասնում։

 «Մեր տվյալներով ալկոհոլ օգտագործող մարդկանց շրջանում աշխարհում մոտ 16%-ը էպիզոդիկ կերպով են օգտագործում մեծ քանակությամբ ալկոհոլլ, ինչն ավելի է վնասում առողջությանը»,- հայտնել է ԱՀԿ Հոգեկան առողջության եւ վնասակար նյութերի դեմ պայքարի վարչության տնօրեն Շեկհար Սաքսենան (Shekhar Saxena)

Ալկոհոլի չարաշահումներ ասելով հասկանում ենք ալկոհոլի օգտագործում, որն ունի քայքայիչ ազդեցություն մարդու առողջության եւ սոցիալական դիրքի վրա, ազդում է իր շրջապատող մարդկանց, ինչպես նաեւ ամբողջ հասարակության վրա, եւ այն կարող է ոչ այնքան բարենպաստ հետեւանքներ ունենալ առողջության համար։

Որոշ երկրներ արդեն որոշակի քայլեր են ձեռնարկում իրենց բնակչության անվտանգության համար։ Այդպիսի միջոցառումների միջոցով պետությունն ավելացնում է ալկոհոլի համար նախատեսված հարկերը, սահմանափակում ալկոհոլի օգտագործումը՝ բարձրացնելով տարիքային շեմը եւ կանոնավորում է ալկոհոլային խմիչքների մարքեթինգը։