Լսողական սարքեր արտադրող Starkey Hearing Technologies ընկերությունը երբեք չի կենտրոնացել փողի ու եկամուտի վրա. հիմնադիր Ուիլյամ Օսթինի կարծիքով, հենց դրանում է նրա հաջողության գաղտնիքը։
«Մենք բյուջեից միջոցներ չենք հատկացնում վաճառքի ու մարքեթինգի համար։ Դրա փոխարեն փողերը ծախսում ենք արտադրանքն ու ծառայությունները լավացնելու համար, մեր էներգիան կենտրոնացնում ենք այն ուղղությամբ, որ վաղն ավելի լավ անենք դա, քան այսօր», - պատմել է Ուիլյամ Օսթինը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում։
Նրա խոսքով, այդ փիլիսոփայությանն է ծառայում նաեւ նրա կողմից 1984 թվականին հիմնադրված Starkey Hearing Foundation հիմնադրամը, որն անվճար լսողական սարքերով է ապահովում մարդկանց, որոնք չեն կարող իրենց թույլ տալ գնել դրանք։
«Մենք գումար ենք վերցնում նրանցից, որոնք կարող են վճարել (լսողական սարքերի համար), եւ օգնում ենք նրանց, ովքեր չեն կարող։ Մենք անում ենք դա, քանի որ անմասն չենք այդ ամենին։ Որովհետեւ մենք հարգում ենք կյանքը։ Սա ամենաքիչն է, որ կարող ենք անել։ Մեզանից շատերի բախտը բերել է կյանքում, եւ այդ պատճառով մենք պետք է օգնենք եւ մյուսներին, որոնք բախտն ավելի քիչ է բերել։ Որպեսզի աշխարհն ավելի լավը դարձնենք վաղը, պետք է ներդրում կատարենք այսօր։ Այս աշխատանքը կատարելը պատիվ է ինձ համար», - նշել է Օսթինը։
Օսթինի խոսքով, բարեգործական հիմնադրամի ստեղծման գաղափարը ծնվել է իր մոտ շատ վաղուց. նա միշտ երազել է միսիոներ բժիշկ դառնալ, բայց մի օր հասկացել է, որ այդպիսի հիմնադրամի միջոցով կարող է ավելի մեծ թվով մարդկանց օգնել, քան միսիոներ բժշկի դերում։
Առաջին երկիրը, որը հիմնադրամը բարեգործական առաքելությամբ այցելել է, Մեքսիկան էր: Այնուհետեւ Օսթինն իր աշխատակիցներով եւ կամավորներով սկսել է շրջել աշխարհով՝ լսողական սարքեր բաժանելով անապահով մարդկանց։
Հայաստանը 107-րդ երկիրն է դարձել, որտեղ հիմնադրամը բարեգործական առաքելությամբ այցելել է։ Ընդ որում՝ երկու անգամ։ Առաջին այցը 2017 թվականին է եղել, եւ շուրջ 1800 անապահով քաղաքացիներ լսողական սարքեր են ստացել։ Այս տարի սարքեր են ստացել եւս շուրջ 1200 մարդ։
Երկրորդ այցը, Օսթինի խոսքով, հնարավոր է դարձել առաջինի հաջողության շնորհիվ՝ հաջողվեց լավ գործընկերներ գտնել, որոնք ակցիայի ժամանակ օգնել են ինչով կարողացել են, իսկ դրանից հետո ապահովել են, այսպես կոչված, aftercare-ը՝ ակցիայի շրջանակներում լսողական սարքեր ստացած պացիենտների սպասարկումը։
Օսթինի խոսքով, Հայաստանում աշխատելը հաճույք է, եւ այստեղ նրան եւ իր շատ գործընկերներին նույնիսկ ավելի հաճելի է, քան աշխարհի լավագույն լողափերում։
«Մարդիկ այստեղ շատ հաճելի են, բարի, հոգատար, երախտապարտ ու քաղաքավարի: Նրանք համբերատար սպասում են հերթերում, ամեն րոպե ասում են՝ «Աստված ձեզ օրհնի»․․․ Մեզ շատ հաճելի է», - պատմել է նա։
Ուիլյամ Օսթինն ու նրա գործընկերներն ու կամավորները շատ երկրներում են եղել, եւ ամեն տեղ չէ, որ նրանց վերաբերմունքն այնպիսի է եղել, ինչպես Հայաստանում։ Օրինակ, Միջին Ասիայի մի քանի երկրներում պացիենտներն ամբողջ ժամանակ վիճել են, նույնիսկ կռվել են միմյանց հետ՝ բառիս բուն իմաստով՝ հերթում տեղի համար։
«Մեզ դա դուր չի գալիս, չէ՞ որ մենք գալիս ենք, որ մարդկանց օգնենք, հոգ տանենք նրանց մասին, ոչ թե կռիվը բաժանենք», - խոստովանել է Օսթինը։






