Սեռական կյանք սկսելու հստակ տարիք գոյություն չունի, բայց, սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանի կարծիքով, սեռական կյանքը պետք է սկսել այն ժամանակ, երբ սեռական զարգացումն արդեն ավարտման փուլում է, եւ օրգանիզմը ֆիզիոլոգիապես եւ կենսաբանորեն պատրաստ է դրան։

Ինչպես նշեց սեքսապաթոլոգը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում, բացի ֆիզիկապես պատրաստ լինելուց կարեւոր է նաեւ հոգեբանական եւ բարոյական պատրաստվածությունը։

«Սեռական կյանք սկսող մարդու մոտ պետք է ձեւավորված լինեն բարոյական արժեքները, որպեսզի նա կարողանա պատասխանատվություն կրել իր սեռական կյանքի համար», - ասաց նա, ավելացնելով, որ մարդը, ով սկսում է սեռական կյանքով ապրել, պետք է նաեւ պատրաստ լինի ընտանիք կազմել եւ երեխա ունենալ։

Իսկ ի՞նչ է լինում, եթե տղամարդը կամ կինը չի սկսում սեռական կյանքով ապրել ճիշտ տարիքում։ Սեքսոպաթոլոգն ասաց, որ 25-30 տարեկանից հետո կարող են որոշակի խնդիրներ առաջանալ՝ կախված մարդու հոգեսեռական զարգացման տեմպերից։

1. Բարդույթներ

«Օրինակ, գոյություն ունի լեզու սովորելու տարիք՝ վաղ տարիքում երեխան ավելի հեշտ է յուրացնում լեզուն։ Նույնը աստեղ է՝ կան ստերեոտիպեր, որոնք պետք է մշակվեն եւ ձեւավորվեն որոշակի տարիքում եւ որոնք կապահովեն սեռական կյանքի սահուն ընթացքը։ Եթե մարդ չի ապրում սեռական կյանքով, այդ ստերեոտիպերը չեն ձեւավորվում, իսկ դրանց փոխարեն որոշակի բարդույթներ են առաջանում», - ասաց Սեւադա Հակոբյանը։

2. Սեռական ցանկության նվազում

Բարդույթների ձեւավորման հետ մեկտեղ մարդու մոտ սեռական կյանքի բացակայության դեպքում նվազում կամ կորում է նաեւ սեռական ցանկությունը, քանի որ, ինչպես պարզաբանեց սեքսապաթոլոգը, օրգանիզմը կարգավորող մեխանիզմներ է ձեւավորում՝ չկա սեռական ցանկության իրագործում, չկա եւ սեռական ցանկություն։

3. Հորմոնալ խնդիրներ

Սեռական կյանքի բացակայության դեպքում մարդու օրգանիզմում նվազում է որոշակի հորմոնների քանակը։ Այդ հորմոնները ավելի «ակտիվորեն» են սինթեզվում, եթե թե կինը, թե տղամարդն ապրում է լիարժեք սեռական կյանքով։

4. Կանգային երեւույթներ կոնքի խոռոչի օրգաններում

Սեքսն ապահովում է կոնքի խոռոչի օրգանների արյան լիարժեք մատակարարում, իսկ սեռական կյանքի բացակայության դեպքում այդ օրգաններում կարող են կանգային երեւույթներ առաջանալ, իսկ դա իր հերթին բացասաբար է անդրադառնում թե տղամարդկանց, թե կանանց սեռական օրգանների գործունեության վրա։

5. Խնդիրներ հարաբերություններում

Սեքսապաթոլոգը նաեւ ասաց, որ եթե զույգը ուշ է սկսում սեռական կյանքով ապրել, նրանց մոտ կարող են առաջանալ խնդիրներ՝ թե հարաբերություններում, թե սեռական կյանքում։ Հաճախ այդ խնդիրները հնարավոր չի լինում լուծել առանց մասնագիտական օգնության։