NEWS.am Medicine-ի ընթերցողների հարցերին պատասխանում է էնդոկրինոլոգ Գայանե Օրբելյանը։
Հայրական կողմից իմ ընտանիքում (հայրս եւ իր քույրը) կա 2-րդ տիպի շաքարային դիաբետ։ Ի՞նչ հավանականություն կա, որ այն ինձ մոտ էլ կառաջանա, պե՞տք է կատարել կանխարգելիչ միջոցառումներ դրանից խուսափելու համար եւ եթե այո, ապա ինչպիսի՞ միջոցառումներ։ Ա.Օ.
2-ր տիպի շաքարային դիաբետը ժառանգական հիվանդություն է։ Մոտ բարեկամների դեպքում այս հիվանդության առկայությունը ավելացնում է դրա առաջացման հավանականությունը։ Եթե հիվանդ է ծնողներից մեկը, ապա դիաբետի առաջացման վտանգը կազմում է30-50%։ Եթե երկու ծնողները՝ հավանաանությունը մեծապես աճում է։ Ճիշտ է, ժառանգականությունը կարեւոր է, բայց վճռորոշ գործոն չէ։ Մեծ նշանակություն ունի առողջ ապրելակերպը։ Անհրաժեշտ է շատ շարժվել, քացր եւ ճարպային ուտելիքները սահմանափակել, ավելի շատ ուտել միրգ եւ բանջարեղեն, ազատվել ավելորդ քաշից, կայուն պահել զարկերակային ճնշումը եւ արյան մեջ խոլեստերինի քանակը։ Եվ իհարկե, խուսափել լուրջ սթրեսներից։ Նշեմ, որ վերը նշված պայմանների խախտման դեպքում, այսպես կոչված, գենետիկ վատ ժառանգություն ունեցող մարդկանց մոտ շաքարախտի առաջացման հավանականությունը մեծանում է։
Կարդացել եմ, որ դիաբետը ժառանգաբար փոխանցվում է։ Կցանկանայի իմանալ կանանց այն փոխանցվում է մայրական կողմից, իսկ տղամարդկանց՝ հայրական, թե սեռը այս դեպքում կապ չունի։ Ֆ. Ա.
Սեռը ոչ մի կապ չունի։ Կարեւորը՝ ծնողներից մեկը թե երկուսն են հիվանդ շաքարային դիաբետով։
38 տարեկան հասակում (10 տարի առաջ) կիստայի հետ միասին հեռացրել են իմ ձվարանը, բայց ոչ ոք խորհուրդ չի տվել դրանից հետո հորմոններ խմել։ Այսօր մամուլում կարելի շատ տեղեկություններ գտնել այն մասին, որ նման դեպքերում անհրաժեշտ է հորմոնալ թերապիա։ Ի՞նձ էլ էր անհրաժեշտ այն ժամանակ հորմոններ ընդունել եւ պե՞տք է այն անել հիմա։ Ասեմ, որ վիրահատությունից հետո քաշ եմ հավաքել (10 տարում 20 կգ), ինչպես նաեւ ինձ մոտ ախտորոշվել է աուտոիմունային տիրեոիդիտ եւ այժմ L-տիրոկսին եմ ընդունում։ Ա.Ս.
Ձվարանները զույգ օրագններ են։ Եթե մեկը կտրել են, ապա մյուսը լիովին կոմպենսացնում է հանված ձվարանի ֆունկցիաները՝ իր վրա վերցնելով այն։ Այդ դեպքում փոխարինող թերապիայի կարիք չկա։ Քաշի ավելացման պատճառ կարող է լինել ինչպես գենետիկ ժառանգականությունը, այնպես էլ սխալ սննդակարգն ու պասիվ ապրելակերպը։ Աուտոիմունային տիրեոիդիտի հիպոտիրեոզի փուլում, ինչի պատճառով Ձեզ L-տիրոկսին են նշանակել, կարող էր քաշի ավելացման պատճառ լիներ։ Ճիտ է, L-տիրոկսինի նշանակումը պետք է հանգեցնի քաշի որոշակի նվազեցման։
Արդեն մեկ տարի է տառապում եմ շաքարային դիաբետով։ Խմում եմ Մետֆորմին 1000 մգ օրական երկու անգամ։ Արյան մեջ շաքարը սահմանված չափով է, բայց շատ եմ վախենում հիպոգլիկեմիկ վիճակներից։ Հայրիկիս մոտ նույնպես դիաբետ եղել է, նա սկզբում դեղահաբեր էր ընդունում, ապա ինսուլին։ Շատ դեպքերում հիպոգլիկեմիկ վիճակում նրան շտապ տեղափոխել ենք հիվանդանոց։ Այդ պատկերը միշտ իմ աչքի առաջ է, եւ այդ վախը չի լքում ինձ։ Օ.Ա.
Ես պետք է Ձեզ հանգստացնեմ։ Բանն այն է, որ մետֆորմինը միայն նվազեցնում է շաքարի բարձր մակարդակը։ Արյան համար անհրաժեշտ շաքարը այն չի պակասեցնում, այսինքն հիպոգլիկեմիաներ չի առաջացնում։ Եւ այս դեպքում այն լիովին անվտանգ է։
2008 թ-ից տառապում եմ շաքարային դիաբետով։ Շաքարի չափը արյան մեջ միշտ բարձր է եղել։ Այս տարի մարտի կեսերից սկսել եմ ընդունել Ամարիլ MSR, եւ շաքարի քանակը արյան մեջ նորմայի սահմաններում է։ Կարո՞ղ եմ այլեւս չընդունել շաքար իջեցնող այս դեղամիջոցը։ Ց.Մ.
Դեղ խմելը անհրաժեշտություն է։ Արյան մեջ շաքարի նորմալ քանակությունը Ամարիլ MSR-ի ազդեցության արդյունքն է։ Եթե չընդունեք շաքար իջենող դեղահաբեր, ապա շաքարի քանակը արյան մեջ կրկին կավելանա։
Լսել եմ, որ լիարժեք առողջ կնոջ մոտ հղիության ընթացքում կարող է ավելանալ շաքարի քանակը։ Վտանգավո՞ր է դա մայրիկի կամ երեխայի համար։ Ե. Ս.
Նման բան տեղի է ունենում։ Լիարժեք առողջ կնոջ մոտ, ում բժշկական պատմության մեջ շաքարային հիվանդություն չկա, հղիության ընթացքում կարող է արյան մեջ շաքարի քանակը բարձրանալ։ Դա, այսպես կոչված, գեստիցիոն դիաբետն է։ Եթե ճիշտ ձեւով կոմպենսացվի ապագա մայրիկի շաքարի քանակը (դիետաներ, ֆիզիկական ակտիվություն, անհրաժեշտության դեպքում՝ ինսուլին), ապա ոչ մայիկի, ոչ էլ երեխայի մոտ խնդիրներ չեն լինի։ Այսինքն հղի կինը կծննդաբերի առանց խնդիրների։ Ծննդաբերությունից հետո արյան մեջ շաքարի քանակը նորմալանում է։ Սակայն պետք է նշեմ, որ երկուսի մոտ էլ շաքարի առաջացման հավանականություն կա։ Սա պետք է միշտ հիշել եւ վարել առողջ ապրելակերպ այս հիվանդությունը կանխելու կամ գոնե այն հետաձգելու համար։ Եթե կինը հղիության ընթացքում գեստացիոնային շաքարախտ է ունեցել, ապա յուրաքանչյուր հաջորդ հղիության ժամանակ մեծանում է կայուն դիաբետի առաջացման վտանգը։
Պատրաստեց Յանա Ավչիյանը։






