Ամբողջ աշխարհում օդաչուների առողջության հանդեպ շատ ուշադիր վերաբերմունք է՝ տարեկան մեկ անգամ նրանց ոտից գլուխ հետազոտում են, իսկ 60 տարեկանից հետո հետազոտություններ են իրականացնում տարեկան երկու անգամ։ Ցանկացած խնդիր փորձում են բացահայտել հնարավորինս շուտ ու հնարավորինս  շուտ բուժել դրանք։ Հանգիստը, ռեաբիլիտացիոն ծրագրերը, արձակուրդը՝ ամեն ինչ ըստ գրաֆիկի։ Դրա շնորհիվ շատ օդաչուներ նաև տարեց տարիքում են ավելի ամուր առողջություն ունենում, քան բազմաթիվ երիտասարդներ։

Քաղավիացիայի օդաչու Գրիգոր Հայրապետյանը 62 տարեկան է, նա 22 000 թռիրքային ժամի փորձ ունի։ Առողջությունից, իր խոսքով, չի գանգատվում։

«Կարևորը, որ բժիշկներն էլ չեն գանգատվում», - հավելում է նա ժպիտով։

Յուրաքանչյուր վեց ամիսը մեկ նա հանձնում է արյան անալիզներ, անցնում սրտի մի շարք հետազոտություններ, սոնոգրաֆիա, լսողության ու տեսողության ստուգումներ։ Ազատ ժամանակ օդաչուները, նրա խոսքով,  հնարավորություն ունեն զբաղվել լողով, թենիսով, որպեսզի վերականգնվեն թռիչքներից հետո։ Բժիշկները, նրա խոսքով, միշտ հետևում են, որպեսզի օդաչուն ժամանակին արձակուրդ գնա, ճիշտ հանգստանա,  զբաղվի լողով, թենիսով, որպեսզի վերականգնվի թռիչքներից հետո։  Այդ ամենն արվում է, որպեսզի ապահովեն թռիչքների անվտանգությունը ու երկարացնեն օդաչուի այսպես կոչված թռիչքային կյանքը։

Ինչո՞ւ է օդաչուի  ամուր առողջություն պետք

Դիմորդին լավ օդաչու ու առավել ևս օդանավի հրամանատար  դարձնելու համար պետք են մեծ ծախսեր՝ նյութական ու ժամանակային,  նշում է Գրիգոր Հայրապետյանը։ Երկարատև մարզումներ՝ հատուկ տրենաժորների գործածմամբ, աշխատանք փորձառու տեսուչների հետ։

«Ինչպես ասում էր փորձարկող- օդաչուներից մեկը, թռիչքի ժամանակ օդաչուի  գրագետ , արագ գործողությունները ցամաքում նրա երկարատև մարզումների հետևանքն են» ,- ասում է օդաչուն։

Հիմա օդանավը կառավարում է արդեն ոչ թե 4-5 մասնագետներից բաղկացած անձնակազմը, այլ ընդամենը երկուսը՝ օդանավի հրամանատարը ու երկրորդ օդաչուն։ Ու չնայած ժամանակակից տեխնոլոգիաները նկատելիորեն հեշտացնում են նրանց աշխատանքը՝ առանց լուրջ գիտելիքների ու տրենաժորների վրա երկարատև մարզումների հնարավոր չէ։ Ավելին, իր գիտելիքներով ոըւ կարողություններով երկրորդ օդաչուն չպետք է զիջի իր հրամանատարին՝ եթե հանկարծ վերջինի հետ ինչ-որ բան պատահի թռիչքի ժամանակ, օդանավի կառավարումը պետք է ստանձնի երկրորդ օդաչուն։

Տեսական ու գործնական գիտելիքներից բացի օդաչուին անհրաժեշտ է հոյակապ ինքնատիրապետում, միշտ սովորելու ցանկություն,  պատրաստվածություն ամեն ինչին։

«Շարժիչի միացնելուց  սկսած մինչև անջատելը  պետք է միշտ պատրաստ լինել ամեն ինչին»։

Բոլորի՝ և ուղևորների, և ավիաընկերությունների, և պետությունների շահերից է բխում, որպեսզի մարդը, որն անհրաժեշտ հատկանիշներ ունի ու անցել է համապատասխան պատրաստվածություն, կարողանա հնարավորինս երկար աշխատի։

Ճառագայթումը, աղմուկը, վիբրացիան ու թռիչքների ընթացքում շատ այլ գործոններ բացասաբար են ազդում օդաչուի առողջության վրա, ու առանց նրա առողջության հանդեպ ճիշտ մոտեցման՝ օդաչուի թռիչքային ժամանակը կարող է կարճատև լինել։

Ֆիլմերի նման չի լինում

Գրիգոր Հայրապետյանն արդեն ավելի քան 38 տարի թռչելու փորձ ունի։ Հիմնականում նա թռիչք է իրականացրել A319, A320, A321 օդանավերով, նաև՝ Boeing  ընկերության օդանավերով։ Բոլոր թռիչքներից ամենատպավորիչը իհարկե ամենառաջինն էր, երբ նա, դեռ հեռավոր 1977-ին, առաջին անգամ ինքնուրույն նստել է ЯК -18 օդանավի ղեկին։

38 տարվա ընթացքում բազմաթիվ բաներ են տեղի ունեցել, խոստովանում է օդաչուն։ Բայց նման բաներ, որոնք ցույց են տալիս հոլիվուդյան ֆիլմերում, սովորաբար չեն լինում։ Երբեմն պատահում են տեխնիկայի մանր- մունր անսարքություններ՝ մեծամասամբ ուղևորները դրանց մասին չեն էլ իմանում։ Եղել է դեպք, երբ բեռնատար Ил-76  օդանավով թռիչքի ժամանակ փչացել է 4 շարժիչներից մեկը։

«Ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել, բարեհաջող կերպով վայրէջք են կատարել Երևանում»,- հիշում է օդաչուն։

Օդաչուի թռիչքային կյանքի տևողությունը նույնպես պետք է աճի

Աշխարհի բազմաթիվ երկրներում քաղավիացիայի օդաչուները թոշակի են անցնում 65 տարեկանում։ Սակայն Ռուսաստանում, ինչպես նշում է Հայրապետյանը, տեղական չվերթների  վրա աշխատող օդաչուների թռիչքային կյանքը փորձում են երկարացնել մինչև 70 տարեկանը։

«Եթե մարդու կյանքի միջին տևողությունը երկարում է, ուրեմն պետք է երկարի նաև օդաչուի թռիչքային կյանքի տևողությունը»,- ասում է նա;

Նրա խոսքով՝ նա ինքը դեռ չի ուզում թոշակի անցնել, հաճույքով ևս մի քանի տարի կթռչեր։