Վերջին օրերին գրանցված դիզենտերիայի ու աղիքային ինֆեկցիաների դեպքերից հետո  Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը խստացնում է հսկիչ միջոցառումները, այդ թվում մանկապարտեզներում։ Այս մասին NEWS. am Medicine-ի թղթակցին հայտնել է ՍԱՊԾ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանը։

Խստացնելով հսկիչ միջոցառումները՝ ՍԱՊԾ-ն առաջնորդվում է ոչ միայն դիզենտերիայի դեպքերի մասին տեղեկություններով, այլև նրանով, որ շոգ եղանակն ու սննդամթերքի երկրորդային աղտոտումը գործոններ են, որոնք նպաստում են  աղիքային ինֆեկցիաների տարածմանը։ Հարությունյանը չի բացառել նաև այն հավանականությունը, որ տեսանելի ապագայում կիրականացվեն կաթնամթերքի ու մսամթերքի շուկաների հետազոտություններ։

Մեկնաբանելով սոցցանցերում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ դիզենտերիայի դեպքերը գրանցվել են ոչ միայն «Գուլիվեր» մանկապարտեզում,  այլև այլ մանկապարտեզներում՝ Հարությունյանը նշել է, որ ՍԱՊԾ –ն չի ստացել  դա հաստատող հաղորդագրություններ։

«Եթե չկան համապատասխան ազդանշաններ՝ մենք չենք կարող ինքնակամ մտնել ու ստուգումներ իրականացնել նախադպրոցական հաստատություններում»,- պարզաբանել է Հարությունյանը։

Հավելենք, որ վերջին շաբաթվա ընթացքում   մայրաքաղաքի հիվանդանոցներ են դիմել տասնյակ երեխաներ, որոնք գանգատվում էին փորացավից, սրտխառնոցից ու բարձր ջերմաստիճանից։ «Գուլիվեր» մասնավոր մանկապարտեզի 9 սաների մոտ հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ՝ շիգելլա զոնե։ «Գուլիվերում» հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես խոհանոցում, ինչն էլ դարձել է սննդի երկրորդային աղտոտման պատճառ։ «Գուլիվեր» մանկապարտեզի ղեկավարությունը հրաժարվել է այս հարցի շուրջ մեկնաբանություններ տալ NEWS. am Medicine –ի թղթակցին։

Վերջին օրերին հանրապետության բնակիչները մտահոգություն են հայտնում այն կապակցությամբ, որ ինֆեկցիաները կարող են պայմանավորված լինել անորակ ջրի գործոնով կամ որ դրանց աղբյուրը կարող  է լինել կաթնամթերքը։ Մինչդեռ, ԱՆ-ն շեշտում է, որ ջրի աղտոտվածության մասին հայտարարություններն  անհիմն են, ինչի մասին են վկայում լաբորատոր հետազոտությունների տվյալները։ Երևանին մատակարարվող ջրի որակի ու անվտանգության անալիզների համաձայն՝ հունիսին նորմայից որևէ շեղում չի հայտնաբերվել։

«Գուլիվեր» նախակրթարանի 18 սան հոսպիտալացվել է. ախտորոշվել է դիզենտերիա

Դիզենտերիայով հիվանդ մանկապարտեզի որոշ սաներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից

Աղիքային վարակների դեպքերի աճը պայմանավորված է սննդային գործոնով, ոչ թե ջրով. ՀՀ ԱՆ

Աղիքային վարակ եղել է ոչ միայն «Գուլիվեր» մանկապարտեզի սաների մոտ

ՀՀ ԱՆ պարզաբանումը դիզենտերիայի վերաբերյալ