Պարբերաբար քաղցած մնալը կարող է նվազեցնել ցրված սկլերոզին հատուկ ախտանիշների հայտնվելը: Այս մասին նշված է Cell Metabolism ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:
Հետազոտության շրջանակում Washington University School of Medicine-ի գիտնականները մկներին թույլ են տվել 4 շաբաթ ազատ սնվել կամ նրանց կերակրել են օրումեջ: Այս ընթացքում մկներին դեղամիջոցներ են ներարկել, որոնք առաջացնում են ցրված սկլերոզի ախտանիշներ: Այնուհետեւ հաջորդել է 7-շաբաթյա ժամանակահատված, երբ կենդանիների 2 խումբն էլ միանման է սնվել:
Պարզվել է, որ պարբերաբար քաղցած մնացող մկների մոտ հազվադեպ են հայտնվել նյարդաբանական վնասվածքների՝ կաթվածի կամ վերջույթների թուլության նշաններ: Որոշ մկների մոտ երեւան են եկել սկլերոզի լիարժեք ախտանիշներ, բայց դրանք հայտնվել են ավելի ուշ եւ պակաս սուր ձեւով՝ այն կենդանիների համեմատությամբ, որոնք ամեն օր են սնվել:
Հետաքրքիր է նաեւ, որ քաղցողների խմբի մկների մոտ ավելի քիչ էին բորբոքումներին հակված իմունային բջիջները եւ ավելի շատ իմունային պատասխանը զսպող բջիջները:
Իմունիտետի վրա ազդեցությունը տեղի է ունենում տարբեր ճանապարհներով: Մի կողմից փոխվում է հորմոնների մակարդակը: Հակաբորբոքային հորմոն կորտիկոստերոնի մակարդակը քաղցող մկների մոտ գրեթե 2 անգամ բարձր է եղել:
Իմունիտետի վրա ազդեցությունը հնարավոր է նաեւ աղիների միկրոֆլորայի փոփոխության միջոցով: Ինչպես հայտնի է, միկրոֆլորան պատասխանատու է, թե ինչ ճանապարհով՝ բորբոքային, թե հակաբորբոքային, կանցնի իմունային համակարգը: Եվ քաղցող մկների մոտ դիտվել է ավելի տարատեսակ միկրոֆլորա (մասնավորապես՝ ավելի շատ են եղել պրոբիոտիկ Lactobacillus բակտերիաները): Ըստ որում՝ նրանց միկրոֆլորայի պատվաստումը այլ կենդանիներին վերջինների մոտ նյարդաբանական ախտանիշների զարգացման վտանգի նվազման է բերել:






