Չնայած ժամանակակից աշխարհում տեղեկությունների առատությանը, շատերը շարունակում են հավատալ առասպելների, որոնք ոչ մի առնչություն չունեն իրականության հետ։ Առողջ կենսակերպի մասին նույնպես բազմաթիվ նման առասպելներ կան։
Առասպել 1․ Որքան շատ քրտնեք, այդքան շատ կնիհարեք
Շատերը դեռ հավատում են, որ եթե իրենք քրտնում են մարզումների ժամանակ, դա նշանակում է, որ իրենք նիհարում են։ Ոմանք նույնիսկ փաթաթվում են պոլիէթիլենային փաթեթներով, որպեսզի ավելի շատ քրտնեն։ Իրականում քրտինքը ոչ մի ընդհանրություն չունի նիհարելու հետ՝ քրտնքի հետ միասին օրգանիզմից դուրս են գալիս ջուրն ու աղը, բայց ոչ թե ճարպերը։ Դուք կնիհարեք միայն այն ժամանակ, երբ ավելի քիչ կալորիաներ գործածեք, քան օրգանիզմն այրում է օրվա ընթացքում։
Առասպել 2․ Մարզվել պետք է ամեն օր
Ամեն օր մարզվելն այնքան էլ օգտակար չէ, որքան կարող է թվալ ոմանց։ Ինտենսիվ սպորտային մարզումները չպետք է գերազանցեն շաբաթական հինգ ժամը, հակառակ դեպքում կարող է տուժել սիրտը։
Առասպել 3․ Վազքն օգտակար է բոլորի համար
Եթե չափից շատ հրապուրվեք վազքով, կարող են առաջանալ լուրջ խնդիրներ, օրինակ՝ սրտի պատերի հաստացում, նաեւ օքսիդային սթրես։ Վազել պետք է օրական առավելագույնը 30-50 րոպե, այն էլ այն պայմանով, որ մարդու համար դա գերծանրաբեռնվածություն չէ։ Մասնագետները առանձին նշում են, որ վազքը կարող է վտանգավոր լինել ոտնաթաթերի ասիմետրիա ունեցող մարդկանց համար, նաեւ մարմնի մեծ զանգված ունեցող չմարզված մարդկանց համար։
Առասպել 4․ Ընթրիքը թշնամուդ տուր
Ուշ երեկոյան ընթրելն իրականում վատ գաղափար է, սակայն դա չի նշանակում, որ ընթրիքից պետք է առհասարակ հրաժարվել․ երեկոյան ուտելուց մշտապես հրաժարվելը նպաստում է նյութափոխանակության պրոցեսների դանդաղելուն, նաեւ կարող է հանգեցնել արյան մեջ շաքարի մակարդակի վտանգավոր նվազման։ Բացի դրանից այն մարդիկ, որոնք չեն ընթրում, սովորաբար ավելի շատ կալորիաներ են գործածում նախաճաշի ու ճաշի ժամանակ։
Ձգտեք քնելուց 3-4 ժամ առաջ ընթրել ու նախապատվությունը տվեք թեթեւ մթերքներին։
Առասպել 5․ Ածխաջրերն ու սպիտակուցները միասին չեն յուրացվում
Շատ մասնագետներ կողմնակից չեն տարանջատված սննդակարգի օգտակարության մասին տեսակետին։ Նրանց խոսքով՝ կարելի է առանց վախենալու միաժամանակ գործածել ածխաջրեր ու սպիտակուցներ, քանի որ դրանց յուրացման համար աղեստամոքսային տրակտի տարբեր բաժիններ են պատասխանատու։ Օրգանիզմը բնությունից օժտված է մեխանիզմներով, որոնք նրան թույլ են տալիս առավելագույն օգուտ քաղել գործածված ուտելիքից։






