«Մուրացան» հիվանդանոցային համալիրի (Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարան) անձնակազմի բողոքը կարող է բերել աշխատավարձի հաշվարկման փոփոխության:

Նախօրեին «Մուրացանի» մանկական նեոնատալ վերակենդանացման բաժանմունքի բուժքույրերը բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդեմ հավելավճարների հաշվարկման կրճատման: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց հիվանդանոցի ավագ բուժքույր Անահիտ Օհանյանը, հավելավճարները հաշվարկվում են կախված հիվանդների հոսքից եւ համապատասխանաբար՝ բուժանձնակազմի ծանրաբեռնվածության աճից: Սակայն նախօրեին հիվանդանոցի մի քանի բուժքույրեր տեղեկացել են, որ մեկ ամսվա համար իրենց նվազագույն հավելավճարներ են հաշվարկել:

Ինչ վերաբերում է հաստատուն աշխատավարձին, ապա դրա չափը կախված է բաժանմունքից, որտեղ բուժքույրն աշխատում է: Այսպես, Օհանյանի խոսքով, բուժքույրերը ամենաբարձր աշխատավարձ ստանում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ ամենացածր՝ պոլիկլինիկայում:

Օհանյանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ հիվանդանոցում բողոքի ոչ մի ակցիա չի անցկացվում. տեղեկություն է տարածվել, որ բուժանձնակազմի բարձրացրած հարցը կլուծվի: NEWS.am Medicine-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց նաեւ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը:

ԵՊԲՀ մամուլի ծառայությունից NEWS.am Medicine-ի թղթակցին տեղեկացրին, որ բուժանձնակազմի աշխատավարձը ձեւավորվում է առողջապահության նախարարի 2011 թվականի հունվարի 31-ի №101-Ա հրամանի համաձայն, եւ մանկական ու նեոնատալ վերակենդանացման ծառայությանը հատկացվում է ամսական եկամտի 40 տոկոսը: Մինչդեռ, ԵՊԲՀ ռեկտորի 2014 թվականի հունիսի 30-ի հրամանով հատկացվել է ամսական եկամտի 50 տոկոսը:  

Այս հրամանը փոփոխության է ենթարկվել, եւ հիմա մանկական եւ նեոնատալ վերակենդանացման ծառայությանը հատկացվում է ամսական եկամտի 55 տոկոսը: «Առողջապահության նախարարի №74-Ա հրամանի 14-րդ կետի համաձայն՝ պետպատվերի շրջանակում աշխատակիցների աշխատավարձի հաշվարկման համար հիմք է ընդունվում կոնկրետ ամսվա համար այն հիվանդների դեպքերը, որոնք ընդունվում են պատվիրատուի (այսինքն՝ ՀՀ ԱՆ) կողմից փոխհատուցելու համար, եւ չեն գերազանցում պայմանագրային գումարի ամսական չափը»,- նշեց ԵՊԲՀ մամուլի քարտուղար Տաթեւիկ Գրիգորյանը:

Միաժամանակ, հաշվի առնելով այն փաստը, որ բուժհաստատության որոշ աշխատակիցներ դժգոհ են աշխատավարձի հաշվարկման այս համակարգից, քննարկումներ են կազմակերպվել շահագրգիռ կողմերի ներգրավմամբ:

«Այս պահին քննարկվում է աշխատավարձի հաշվարկման փոփոխության հնարավորությունը: Համապատասխան որոշումը կկայացվի բոլոր անհրաժեշտ հաշվարկներից ու քննարկումներից հետո»,- ընդգծեց Գրիգորյանը: