Օմեգա- 3 չհագեցած ճարպաթթուների կանոնավոր գործածումը զգալիորեն նվազեցնում է սթրեսի մակարդակն ու ագրեսիվությունը։ Նման եզրակացության են հանգել Մասաչուսեթս – Լոուել համալսարանի գիտնականները։ Օմեգա-3 –ի մեծ քանակություն է պարունակվում յուղոտ ձկան, օրինակ սաղմոնի մեջ։
Իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ օմեգա 3-ի բարձր պարունակությամբ սնունդ գործածող երեխաները հասակակիցների համեմատ իրենց ավելի հանգիստ են պահում, ինչը դրական ազդեցություն է թողնում նաև նրանց ծնողների նյարդային համակարգի վրա։
Մասնագետների խոսքով, ագրեսիվ ու նույնիսկ հանցավոր վարքագիծը մասամբ կախված է կենսաբանական գործոններից։ Աշխատության հեղինակները ենթադրում են, որ անհրաժեշտ թթուների պակասի լրացումը թույլ է տալիս կանխել հակասոցիալական վարքագիծը։
Նրանց խոսքով՝ սթրեսը կարող է առաջացնել ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնք հանգեցնում են ագրեսիվ ու իմպուլսիվ վարքագծի աճին։
Օմեգա 3-ը ոչ միայն սեդատիվ էֆեկտ ունի, այլև լավացնում է ուղեղի աշխատանքը, հիշողությունն ու ուշադրությունը։ Օմեգա 3-ի լավագույն աղբյուրներից են ծովամթերքները։






