Պաշտոնաթողությունից առաջ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը հասցրել է ներդնել «Երկրորդ կարծիքի իստիտուտ» նախագիծը։ Դումանյանի համոզմամբ, այս ծրագիրը պետք է ունենա պարտադիր բնույթ՝ բժշկական սխալներից խուսափելու եւ հիվանդին ավելի շատ օգնելու համար, քանի որ փորձը ցույց է տվել, որ կյանքի եւ մահվան հարցերում մեկ բժշկի կարծիքը բավարար չէ ( անգամ լրագրողական կանոններից մեկը ենթադրում է, որ պետք է տեղեկատվությունը ճշտել երեք աղբյուրներից)։

Հատկապես այս ամենը վերաբերում է չարորակ ուռուցքների ախտորոշմանը։ Այն հիվանդները, ովքեր ի վիճակի են գնալ արտասահման, անհապաղ մեկնում են ստուգվելու։ Ոչ այնքան հարուստ մարդիկ ուղարկում են այնտեղ իրենց ռենտգեն նկարներն ու անալիզների տվյալները։ Նրանք, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ նման շռայլություն, փորձում են գալ ընդհանուր հայտարարի, դիմելով տեղացի տարբեր բժիշկների։ Ընդ որում, այսպես չի վատնվում թանկարժեք ժամանակը,  որը քաղցկեղի դեպքում աշխատում է ի վնաս հիվանդի։

Իսկ ինչպե՞ս են իրենք՝մասնագետները, վերաբերում այս հնարավոր պարտադիր նորարարությանը։ NEWS.am Medicine-ի լրագրողի այս հարցին պատասխանեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանը։

«Սա բավական նորմալ պրակտիկա է։ Մեզանից յուրաքանչյուրը իրավունք ունի դիմել մեկ այլ կենտրոնի մասնագետի։ Աննորմալ է այն  մասնագետների ռեակցիան, ովքեր փորձում են ցածրացնել իրենցից առաջ հիվանդին զննած բժշկին։ Լավ բժիշկը իրավունք չունի քննադատել իր գործընկերոջը։ Նա պետք է ընդամենը տա իր ախտորոշումը, ինչից հետո հիվանդը ինքը կորոշի, թե որ բժշկի մոտ շարունակի իր բուժումը։ 

Ես կարծում եմ, որ ավելի ճիշտ է դիմել նեղ մասնագետի։ Նրանց ավելի շատ կարելի է վստահել։

Շատ դեպքերում, երբ հիվանդը դիմում է ոչ մեր կենտրոնից մի բժշկի, նա հետազոտելուց հետո հիվանդին մամմոգրաֆիայի համար ուղարկում է մեզ մոտ՝ ասելով. «Նաեւ գնացեք մամմոգրաֆիայի կենտրոն, հավելյալ ստուգումների համար», քանի  որ նա չի կարողանում ճշգրիտ ախտորոշում տալ։ Հիվանդը գալիս է մեզ մոտ։ Եւ երբ պարզվում է, որ նա պետք է վճարի, մի անախորժ իրավիճակ է ստեղծվում. հիվանդը դժգոհում է, թե ինչու պետք է կրկնակի գումար ծախսի։ Բայց մենք ի՞նչ մեղք ունենք։

Պատահում են նաեւ այլ դեպքեր։ Հիվանդը գալիս է սխալ ախտորոշմամբ բավականին հայտնի մի կլինիկայից, սակայն պատճառը այն չէ, որ այնտեղի մասնագետները վատն են, պարզապես մեզ մոտ սարքավորումները ավելի զգայուն են»,-ասել է նա։

Խոսելով Կենտրոնում վիրահատական սենյակ բացելուց հետո իրենց գործընկերների ռեակցիայի մասին՝ Խ. Հակոբյանը նշեց, որ նախկինում այլ կլինիկաների մասնագետները գովերգում էին իրենց, իսկ հիմա հարաբերությունները փոխվել են, քանի որ այժմ իրենք կարող են վիրահատել այն հիվանդներին, որոնք նախկինում պատրաստի ախտորոշումներով դիմում էին այլ կլինիկաներ։ «Այլ կլինիկաներից մեր գործընկերները սկսել են կորցնել պոտենցիալ հիվանդներին, ինչը  առաջացրել է նման վերաբերմունք իրենց կողմից։ Ես դա կապում եմ հայկական ամենամեծ արատի՝ նախանձի հետ։ Եւ քանի դեռ այն առկա է մասնագետների շրջանում, երկրորդ կարծիք ունենալու ինստիտուտը դժվար թե կայանա»,-ասել է նա։