Աղիքային մանրէների կողմից արտադրվող ֆերմենտները կարող են հեռացնել շաքարները, որոնք որոշում են արյան տեսակը, արյան կարմիր բջիջների մակերեւույթից: Այս մասին հայտնում են բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները:

Արյան բջիջների մակերեւույթի շաքարերն հակագեներ են. եթե մարդու մարմնի մեջ հայտնվում է ոչ իր արյան խմբի արյուն, սարսափելի իմունային ռեակցիաներ են սկսվում: Ավելի վաղ գիտնականները մի քանի ֆերմենտ էին հայտնաբերել, որնք երրորդ խմբի (B) արյունը վերափոխում են առաջինի (O): Իսկ վերջերս հայտնաբերված ֆերմենտները երկրորդ խմբի (A) արյունը փոխակերպում են առաջինի (O):

Հայտնի է, որ արյան առաջին խումբը հաճախ պահանջվում է փոխներարկումների համար: Դրանում բջջային թաղանթի վրա հակագեներ չկան, ինչն այն ունիվերսալ է դարձնում՝ հարմար ցանկացած մարդուն փոխներարկման համար: Գիտնականներն առաջարկում են վերցնել աղիքային մանրէներից հանված ԴՆԹ-ի միջոցով ստացված ֆերմենտները՝ երկրորդ եւ երրորդ արյան տեսակների բջիջներում հայտնաբերված հակագեները հեռացնելու համար:

Ֆերմենտներն օգնում են մանրէներին պոկել շաքար պարունակող սպիտակուցները (մուցինները) աղեստամոքսային տրակտի պատերից: Մանրէները սնվում են մուցիններով: Մոլեկուլային տեսանկյունից, մուցինները շատ նման են արյան հակագեներին: Եվ դա թույլ է տալիս ֆերմենտներին կրկնակի աշխատանք կատարել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նոր ֆերմենտները 30 անգամ ավելի արդյունավետորեն են հեռացրել երկրորդ արյան խմբի հակագեները, քան նախկինում հայտնաբերված ֆերմենտները: