Վաղը սեպտեմբերի 1-ն է, եւ շատ ծնողների է անհանգստացնում հարցը, թե երեխային ինչպես ճիշտ պատրաստեն ուսումնական տարվան, որպեսզի հանգստից ուսմանն անցումը նրանց համար ուժեղ սթրես չդառնա:
Ինչպես հոգեբան Լիլիթ Խաչատրյանը նշեց օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսում, արժի, որ ծնողներն ուշադիր վերաբերվեն իրենց երեխաների հոգեբանական վիճակին, քանի որ սթրեսային իրավիճակները կարող են արտահայտվել ֆիզիկական ախտանիշներով: Դրանց թվում են՝ գլխացավը եւ սրտխառնոցը, ջղաձգումը, վախերը, գիշերային միզարձակումը: Նա խորհուրդ է տալիս համանման ախտանիշների երեւան գալու դեպքում անմիջապես բժշկի դիմել:
Տկարության պատճառ կարող է լինել այն, որ երեխան տարեկիցների շրջանում իր տեղը դժվար է գտնում, նա չի հաղթահարում դպրոցական առաջադրանքները եւ այլն: Փորձագետն ուշադրություն դարձրեց, որ 6-7 տարեկանը երեխաների համար կրիտիկական է համարվում, քանի որ հենց այս ժամանակաշրջանում է նրանց մոտ փոխվում ներքին սոցիալական «ես»-ը:
«Որոշ ծնողներ դեռեւս նախադպրոցական տարիքում ուժեղացված ուշադրություն են դարձնում երեխաների մտավոր զարգացմանը, ինչի հետեւանքով երեխան կարող է գրել եւ կարդալ դեռեւս մինչեւ դպրոց հաճախելը: Սակայն փորձը ցույց է տալիս, որ դրան հավասար երեխայի մոտ կարող է բացակայել դպրոցում ուսումնական գործընթացին հոգեբանական նախապատրաստվածությունը, որը հետագայում կարող է բացասական հետեւանքներ ունենալ»,- նշեց Խաչատրյանը:
Սրա հետ կապված նա առաջինդասարանցիների ծնողներին կոչ արեց երեխային նախօրոք բացատրել, թե դպրոցն իրենից ինչ է ներկայացնում, ուսումնական գործընթացն ինչպես է ընթանում: Երեխային հետաքրքրելու համար կարելի է դրական օրինակներ բերել: Փորձագետն ուշադրություն դարձրեց նաեւ այն փաստի վրա, որ մանկապարտեզ հաճախող երեխաները, որպես կանոն, դպրոցում ավելի լավ են հարմարվում:
Նրա խոսքով՝ դպրոցական կրտսեր տարիքի երեխաները 40 րոպե տեւող դասաժամի ընթացքում դժվար են կենտրոնանում: Ինչպես նշվեց, առաջին դասարաններում ավելի արդյունավետ կլիներ 15-20 րոպե տեւողությամբ դասաժամեր մտցնելը: Դրանից բացի, փոքրիկ աշակերտների դասասենյակում պետք է խաղալիքներ լինեն, որ նրանք կարողանան դասերից հետո լիարժեք հանգստանալ:
Խաչատրյանը նաեւ նշեց այն անհրաժեշտությունը, որպեսզի ուսուցիչները դպրոցում աշխատանքի ընդունվելուց առաջ պարտադիր հետազոտվեն հոգեբանի մոտ: Սա թույլ կտա զատել սթրեսակայունության ցածր մակարդակով, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու անկարողունակ, ավելորդ զգացմունքայնությամբ մանկավարժներին: Նա նշեց, ճիշտ ընտրված անձնակազմը կարող է դառնալ դպրոցում ուսումնական գործընթացի արդյունավետության երաշխավորը:






