«Ավան» հոգեբուժարանի ստացիոնարում անկողնային պարագաներ ստանալու համար պետք է վճարել սանիտարին՝ գոնե 1000 դրամ: Նույնքան «արժե» դեղատոմսը: Այսպիսի գանգատներով NEWS.am Medicine-ի խմբագրություն են դիմել մի քանի քաղաքացիներ, որոնք կա՛մ իրենք են այս բժշկական կենտրոնում բուժում ստանում, կա՛մ հիվանդների ազգականներն են:

20 տարի առաջ քաղաքացի Մ. Ա.-ի որդու մոտ շիզոֆրենիա է ախտորոշվել: Նրա մոտ պարբերաբար սրացումներ են լինում, որոնց ժամանակ ստացիոնար բուժման կարիք է ունենում: Նախկինում երիտասարդը բուժվում էր «Նորք» հոգեբուժարանում, իսկ այն փակելուց հետո տեղափոխվել է «Ավան»: Մ. Ա.-ն պնդում է, որ այնտեղ չես կարող խուսափել բուժանձնակազմին փող տալուց: Եթե կրտսեր անձնակազմին չվճարես, թե՛ հիվանդին, թե՛ նրա ազգականներին, մեղմ ասած, վատ կվերաբերվեն:

Նախկինում իրենց ընտանիքը բուժանձնակազմին անտրտունջ վճարում էր, որ հիվանդին լավ վերաբերվեին, սակայն հիմա՝ ամուսնու մահից հետո, Մ. Ա.-ն այլեւս ի վիճակի չէ վճարելու: Իսկ առանց փողի իր որդուն անգամ մաքուր անկողնային պարագաներ, բարձ եւ նորմալ ներքնակ չեն տալիս:

«Մենք ո՛չ մահճակալների, ո՛չ անկողնային պարագաների պակաս չունենք, դա պարզապես անիմաստ է, ես դրա մեջ տրամաբանություն չեմ տեսնում»,- NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ավան» հոգեբուժարանի տնօրեն Արեգա Հակոբյանը՝ մեկնաբանելով խմբագրության ստացած գանգատները:

Նրա խոսքով՝ հիվանդներից կամ նրանց ազգականներից ոչ մեկը իրեն չի դիմել համանման գանգատներով, չնայած ամեն հինգշաբթի ժամը 12-ից – 15-ը ինքը հանդիպում է քաղաքացիների հետ եւ լսում նրանց խնդիրները:

«Եթե նման խնդիր կա, այս ամբողջ ընթացքում որեւէ մեկը կդիմեր ինձ»,- ասաց տնօրենը:

Ինչպես պնդում է Մ. Ա.-ն անկողինը միակ խնդիրը չէ. նա դժգոհ է նաեւ բուժումից: Նրա խոսքով՝ սրացումների ժամանակ իր որդին սկսում է շատ ծխել եւ դադարում է քնել: Մ. Ա.-ն մտածում էր, որ ստացիոնարում կօգնեն նրա քունը կարգավորել, բայց՝ ոչ: Ընդունվելու հաջորդ օրը հերթապահ բժիշկն իրեն ասաց, որ հիվանդն առանց քնաբերների էլ վատ չի քնել, իսկ որդու հիվանդասենյակի հարեւաններից ինքը տեղեկացավ, որ տղան գիշերն ընդհանրապես չի քնել՝ ծխարանից դուրս չի եկել:

«Դեղերից նրան տվել են միայն ազալեպտին, բայց ինչ կարիք կա հանուն դրա նրան ստացիոնարում թողնել: Ես էլ կարող եմ նրան ազալեպտին տալ»,- պատմում է Մ. Ա.-ն:

Նրա որդին ստացիոնարում 10 օր է անցկացրել, որից հետո մայրը որոշել է նրան տուն տանել: Նրա խոսքով՝ այդ 10 օրում նրան ոչ մի անգամ չեն լողացրել: Իսկ դուրս գրվելիս իրենցից 30 հազար դրամ են պահանջել՝ իբր ստացիոնարում բուժելու համար:

Այս գանգատը մեկնաբանելիս Արեգա Հակոբյանը նշեց, որ կլինիկայում կան վճարովի ծառայություններ, օրինակ՝ ցերեկային ստացիոնարը, որի համար պետպատվեր չկա, սակայն հոգեկան հիվանդությունների սրման ժամանակ ստացիոնարում բուժումն անվճար է։

«Եթե ինչ-որ մեկը բուժման համար այդ հիվանդներից փող է պահանջել, թող ինձ դիմեն, կպարզենք»,- ասաց տնօրենը:

Մեկ ուրիշ կին, ում ազգականը եւս պարբերաբար հոգեբուժարան է հաճախում, պնդում է, որ բուժանձնակազմն իրենից փող է պահանջում դուրս գրելու համար այն դեղերը, որոնք նա պետք է մշտապես ընդունի:

Եվս մի ազգական բողոքեց կլինիկայում տիրող անկարգությունից. նրա խոսքով՝ բուժքույրերը հիվանդներին ներարկումներ են կատարում ուղղակի միջանցքում, հաճախ ներքնաշորերի միջով: Իսկ ամռանը, երբ բժիշկների մեծ մասն արձակուրդում է, ամբողջ բաժանմունքը մնում է երիտասարդ օրիդինատորի հսկողության ներքո, որը ֆիզիկապես անկարող է հասցնել բոլոր հիվանդներով զբաղվել:

Այս հայտարարությունը մեկնաբանելիս Արեգա Հակոբյանը նշեց, որ երբ մի բժիշկ արձակուրդ է գնում, նրա պարտականությունները մեկ ուրիշն է ստանձնում, եւ հիվանդները երբեք առանց ուշադրության չեն մնում: Չնայած կադրերի պակաս, իհարկե, կա, պնդում է նա. ոչ միայն այս կլինիկայում, այլեւ ամբողջ երկրում, եւ այս մասին բազմիցս է ասվել: