Մարդկանց ճարպակալման պատճառ կարող է լինել ոչ միայն սխալ սննդակարգը, այլեւ քաղաքների սխալ կառուցապատումը: Այս մասին ասված է Science ամսագրում հրապարակված նոր հետազոտությունում:

Վաշինգտոնի համալսարանի հետազոտողներն արհեստական ինտելեկտին սովորեցրել են բացահայտել այն շրջանները, որոնց բնակիչներն առավել հակված են ավելորդ կիլոգրամներ հավաքելուն: Եվ, հիմնվելով Google Maps-ի ավելի քան 150.000 լուսանկարների տվյալների վրա, արհեստական ինտելեկտն ավելորդ քաշից տառապողների թիվը կապել է թաղամասի նախագծման առանձնահատկությունների եւ ուրբանիստիկայի (քաղաքային համակարգերի զարգացման գիտության) սխալների հետ:

Ծրագրին մասնակցել է երկու նեյրոնային ցանց, որոնցից մեկը բացահայտել է շրջանների գլխավոր առանձնահատկությունները (կանաչ գույնով նշվել են ծառերը, մոխրագույն՝ ճանապարհները, իսկ կարմիր՝ բնակելի շենքերն ու այլ շինություններ), մյուսը՝ «ներկված» շրջանների կոնֆիգուրացիայի եւ այդ տեղանքում բնակվող մարդկանց շրջանում ճարպակալման ցուցանիշների միջեւ կապը:

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են ամերիկյան Լոս Անջելես, Մեմֆիս, Սան Անտոնիո եւ Սիեթլ քաղաքները:

Աշխատանքի հեղինակների պնդմամբ՝ ստացված տվյալները թույլ կտան ոչ միայն ավելի լավ հոգ տանել մարդկանց առողջության մասին, այլեւ բիզնեսի ներկայացուցիչներին կօգնեն իրենց ցանցերի ենթակառուցվածքը նախագծել՝ առողջ մթերքների խանութները տեղակայելով այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, իսկ թաղամասեր նախագծողներին՝ նախապես մտածել բուսականության մասին: