Զգացմունքները մեր կյանքի անբաժանելի մասն են կազմում։ Բայց զգացմուքները մեծապես կարող են ազդել առողջության վրա, հատկապես եթե դրանք բացասական զգացմուքներ են, հայտնում է Medical Daily-ին։ Ստորեւ ներկայացված հինգ հիմնական զգացմունքները կարող են բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա։

Զայրույթ

Հետազոտությունները ցույց են տվել, որ զայրույթը կարող է հանգեցնել սրտային նոպաների եւ սիրտ-անոթային խնդիրների առաջացման հավանականության բարձրացմանը։ Եվ սա ամենեւին էլ զարմանալի չէ, քանի որ զայրույթի հանկարծակի պոռթկումը կարող է օրգանզիմով մեկ տարածել այնպիսի քիմիական նյութեր, ինչպիսիք են ադրենալինը եւ նորադրենալինը։ Պոռթկումի ժամանակ ուղեղի նշաձեւ հատվածը լարվում է, արյունը լցվում է ճակատային հատված, իորը պատասխանատու է դատողության համար։ Ահա թե ինչու է զայրույթը կուրացնում մարդուն, եւ մենք հաճախ նետում ենք հեռախոսը եւ հարվածում այն պատին։

Բացի այս ամենից, զայրույթը շատ վտանգավոր է սիրտ-անոթային համակարգի համար։ Երբ մենք զայրանում ենք, մի շարք ֆիզիոլոգիական փոփոխություններ են կատարվում մեր օրգանիզմում եւ հարկավոր է կատարել հետագա հետազոտություններ՝ պարզելու համար, թե ինչու է զայրույթը այդքան մեծ ազդեցություն ունենում մեր առողջության վրա։ Հետազոտողները բացահայտել են, որ պոռթկումից երկու ժամ անց մարդկանց մոտ սրտի կաթվածի հավանականությունը մեծանում է հինգ անգամ, իսկ ինսուլտինը՝ երեք։

Միայնություն

Միայնությունը նույնքան վտանգավոր է, որքան պոռթկումները։ Միայնության զգացումը 14 տոկոսով կարող է մեծացնել վաղաժամ մահացությունները։

Պետք է միշտ ընկերների եւ ընտանիքի անդամների հետ կապի մեջ լինել, խոսել նոր ծանոթների հետ։ Միայնությունը կարող է ավելացնել սթրեսի հորմոնների մակարդակը օրգանիզմում, ինչը վատթարացնում է մեր առողջությունը (օրինակ, կորտիզոլը ազդում է քնի տեւողության վրա եւ բարձրացնում է արյան ճնշումը)։ Մեկուսացումը եւ միայնությունը կարող են նաեւ թուլացնել ձեր իմունային համակարգը։ Այնպես, որ պահպանեք Ձեր ընկերական եւ սոցիալական կապերը. դա միայն Ձեզ օգուտ կտա։

Սթրես եւ տագնապ

Այսօր բոլորն էլ գիտեն, որ սթրեսը բացասական ազդեցություն ունի մեր օրգանիզմի համար։ Այն սովորաբար արտահայտվում է ֆիզիկական համախտանիշներով՝ միգրեն, ատամների հետ կապված խնդիրներ, սրտխառնոց, հյուծում, սրտի զարկերի հաճախականության արագացում, անքնություն եւ ախորժակի կամ կտրուկ կրճատում կամ չափազանց մեծ աճ։

Շատ կարեւոր է սովորել վերահսկել խուճապը ֆիզիկական վարժությունների, առողջ սննդի օգնությամբ, ինչպես նաեւ հանգստի եւ թուլանալու միջոցով։

Շոկը

Շոկը կամ վնասվածքները կարող են ունենալ եւ կարճաժամկետ, եւ երկարաժամկետ ազդեցություն Ձեր մարմնի եւ բանականության վրա։ Հոգեբանական տրավմաները կատարվում են ուղեղում եւ կարող են իսկապես փոխել ուղեղի կառուցվածքի այն հատվածը, որտեղ տեղակայված են ճակատային կեղեւը, հուզական ուղեղը եւ գոյատեւման ուղեղը։ Հետտրավմատիկ սթրեսային խանգարումների ֆիզիկական համախտանիշները ներառում են՝ քնի եւ սննդի հետ կապված խնդիրներ, սեռական խանգարումներ, էներգիայի պակաս եւ քրոնիկ ցավեր։

Վիշտ

Երբ մարդը խոր վիշտ է ապրում, այն ազդում է նրա առողջության վրա։ Լոնդոնի Սուրբ Գեւորգ համալսարանի հետազոտողները սահմանել են, որ վշտից մարդ կարող է մահանալ. Ձեր զուգընկերոջ կամ զուգընկերուհու մահը կրկնակի մեծացնում է սրտի կաթվածի կամ ինսուլտի առաջացման վտանգը։