Հայաստանում հոկտեմբերին սկսվել է գրիպի եւ ՍՇՎ սեզոնը, սակայն այս հիվանդությունների հետ կապված իրավիճակը ներկայումս հանգիստ է, իսկ հիվանդացությունը այս սեզոնի համար հիվանդացության ստորին շեմից 1,8 անգամ ցածր է: Երկրում դեռեւս տարածված չեն գրիպի վիրուսի շտամները, սակայն կան ռինովիրուսներ, ադենովիրուսներ եւ ՍՇՎ այլ հարուցիչներ: Այս մասին լրագրողներին հայտնեց Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Այսօր ՍՇՎ-ով հիվանդների մեծամասնությունը 0-5 տարեկան երեխաներ են: Ինչպես հայտնի է, հենց փոքր երեխաներն են մտնում ռիսկի խմբերից մեկի մեջ: Գրիպի եւ ՍՇՎ հանդեպ խոցելի են նաեւ հղիները, տարեցները, քրոնիկական հիվանդություններ ունեցողները, ինչպես նաեւ բուժաշխատողները եւ փակ հաստատություններում գտնվող մարդիկ: Այս բոլոր մարդիկ գրիպի դեմ կարող են պատվաստվել՝ հաջորդ շաբաթից սկսած:

Սպասվում է, որ այս սեզոնին մեր տարածաշրջանում կտարածվեն H1N1 եւ H3N2 գրիպի վիրուսի շտամները, ինչպես նաեւ B տեսակի գրիպի վիրուսը: Հատկապես այս երեք շտամներն են ներառված պատվաստանյութի մեջ, որը Հայաստան կբերվի հաջորդ շաբաթ:

Ինչպես նշեց Լիանա Թորոսյանը, առայժմ բժիշկի դիմող հիվանդների մոտ գրիպի վիրուսներ չեն հայտնաբերվել: Հարեւան երկրներում իրավիճակը նույնպես հանգիստ է՝ այս մասին հայտնում են այդ երկրների գործընկերները, այս մասին են վկայում նաեւ ԱՀԿ պաշտոնական տվյալները:

Լիանա Թորոսյանը մարդկանց խորհուրդ տվեց գրիպի եւ ՍՇՎ ախտանշանների հայտնաբերման դեպքում դիմել բնակության վայրի պոլիկլինիկա, որտեղ կարելի է ժամանակին օգնություն ստանալ՝ խուսափելով բարդություններից եւ դրանց հետ կապված բոլոր խնդիրներից: Ռիսկի խմբերի մեջ մտնող մարդկանց խորհուրդ է տրվում գրիպի դեմ պատվաստվել: