Երեւանում հոկտեմբերի 27-ին մեկնարկեց շաքարային դիաբետի կանխարգելմանն ու բուժմանը նվիրված միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում են բժիշկներ, բուժքույրեր, ինչպես նաեւ դիաբետով հիվանդները եւ նրանց մտերիմները:
Երեւանի քաղաքապետարանի Քաղաքային էնդոկրինային դիսպանսերի տնօրեն Անուշ Բունիաթյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է շուրջ 80 հազար դիաբետով հիվանդ, սակայն ԱՀԿ տվյալներով՝ նրանց թիվը կարող է հասնել 100-120 հազարի: «Խնդիրն այն է, որ հանրապետությունում, ցավոք, կան նաեւ չգրանցված հիվանդներ»,- պարզաբանեց նա:
Փորձագետը շեշտեց, որ դիաբետի կանխարգելման եւ բուժման գործում հատուկ նշանակություն ունի առողջ կենսակերպը: Օրինակ՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունները թույլ են տալիս նվազեցնել գլյուկոզայի մակարդակը, ինչի մասին վկայում են ֆիզիկական վարժություններից առաջ եւ հետո գլյուկոմետրիայի արդյունքները:
Կարեւոր դեր են խաղում նաեւ ոտքով զբոսանքները, որոնք դրական են անդրադառնում արյան շրջանառության վրա: «Դրանից բացի, առողջության պահպանման համար չափազանց կարեւոր է ծխելուց հրաժարվելը»,- շեշտեց Բունիաթյանը:
Ինչպես նշվեց, ճիշտ սնվելը դիաբետի բուժման եւ բարդությունների զարգացման կանխման հիմքն է: Փորձագետը նշեց, որ դիաբետով հիվանդն իր սննդակարգը պետք պարտադիր քննարկի բժիշկի հետ: Օրինակ՝ խստիվ արգելվում են արագ յուրացվող ածխաջրերը (կոնֆետ, ջեմ, շաքար եւ այլն): Արժի զգուշավոր մոտենալ նաեւ ֆրուկտոզայի գործածմանը: Ինչ վերաբերում է աղին, ապա դրա քանակությունը օրական սննդակարգում պետք է 5 գրամը չգերազանցի:
Ճիշտ, հավասարակշռված սնվելուն հետեւելն անհրաժեշտ է նաեւ ավելորդ քաշի եւ ճարպակալման կանխարգելման համար, որոնք 2-րդ տիպի դիաբետի զարգացման վրա ազդող գործոններ են, հատկապես երեխաների շրջանում: Ինչպես նշեց Բունիաթյանը, Հայաստանում արդեն գրանցվել են նման դեպքեր:
Հավելենք, որ նոյեմբերի 2-ին եւ 3-ին Քաղաքային էնդոկրինային դիսպանսերում հայտարարված են Բաց դռների օրեր, որոնց շրջանակում, մասնավորապես, կանցկացվեն գլիկացված հեմոգլոբինի ստուգման արյան անալիզներ եւ ողնաշարի սոնոգրաֆիա:






