Altria-ն՝ Philip Morris USA-ի մայր ընկերությունը, քաղցր համերով էլեկտրոնային սիգարետներն ԱՄՆ-ում վաճառքից հանում է դեռահասների շրջանում տարածվածության պատճառով: Որոշումը վերաբերում է MarkTen այնպիսի համերով էլեկտրոնային սիգարետներին, ինչպիսին են, մասնավորապես, «պնդուկը», «ելակի բրյուլեն» եւ «խնձորի սիդրը»: Ընկերությունը նաեւ հայտարարել է ԱՄՆ-ում վեյփերի գնորդների նվազագույն տարիքը մինչեւ 21 բարձրացնելու իր ձգտման մասին:
The Daily Mail-ը հայտնում է, որ որոշումն ընդունվել է, երբ ԱՄՆ սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությունը (FDA) Altria-ին եւ եւս 4 վեյփ արտադրողների 60 օր է հատկացրել, որպեսզի ապացուցեն, որ իրենք դեռահասների շրջանում վեյփերը դիտավորությամբ չեն առաջ մղում: Խոսքը մարքեթինգային արշավների ծրագրման եւ անչափահաս գնորդներին ներգրավելու համար մթերքների մշակման մասին է:
Ավելի վաղ FDA հանձնակատար Սքոթ Գոթլիբը հայտարարել էր, որ դեռահասների շրջանում էլեկտրոնային սիգարետների տարածվածությունը համաճարակի բնույթ ունի: FDA գաղտնի գործակալները պարզել են, որ մանրածախ վաճառքով զբաղվողները վեյփերը վաճառում են անչափահասներին, ինչի հետ կապված նախազգուշական նամակներ են ուղարկվել եւ տուգանքներ սահմանվել:
Հետազոտությունները ցույց են տվել, որ երիտասարդներն, ամենայն հավանականությամբ, վեյփ կծխեն, եթե դրանք պարունակեն քաղցր բուրավետ նյութեր: 2017 թվականին Տեխասում անցկացված եւս մեկ հետազոտություն ցույց է տվել, որ դեռահասների եւ երիտասարդների 3/4-ը պատրաստ է վեյփ ծխելը թողնել, եթե բուրավետ նյութերով էլեկտրոնային սիգարետները մատչելի չլինեն:
Մասնագետները նաեւ պնդում են, վեյփերի հեղուկներին քաղցր համ տվող քիմիական միացությունները կարող են առաջացնել սթրես եւ թոքաբորբ:
FDA-ն մտահոգված է նաեւ վեյփերի աչքի զարնող գովազդային արշավներով եւ դրանց պատանի մոդելների մասնակցությամբ:






