Հատուկ վարժեցված շները կարող են օգնել մալարիայի ախտորոշման հարցում. նրանք կարող են հիվանդությունը կանխազգալ ոտքերի հոտով, կարծում են Durham University-ի գիտնականները:
Այն, որ շները կարող են հոտով հիվանդ մարդկանց հայտնաբերել, արդեն բավական վաղուց է հայտնի: Նախկինում հաստատվել է, որ շները կարող են ախտորոշել քաղցկեղը եւ արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը: Շների քթի մեջ 300 մլն ռեցեպտորներ կան, որոնց շնորհիվ նրանք, գիտնականների կարծիքով, կարող են տարբերակել հիվանդությունների «հոտերը»:
Մասնագետները հիմա հույս ունեն շների օգնությամբ գտնել վարակված մարդկանց, որոնց մոտ մալարիայի ախտանշանները չեն արտահայտվում:
Գիտնականները հավաքել են Արեւմտյան Աֆրիկայում բնակվող 5-14 տարեկան երեխաների ոտքերի հոտերի նմուշներ: Նրանք սկզբում ստանդարտ անալիզներ են կատարել՝ պարզելու համար, թե երեխաներից ովքեր են մալարիայով վարակված: Այնուհետեւ հատուկ վարժեցված շները հոտոտել են մանկական գուլպաները՝ պահանջվում էր վարակված երեխաներիկ գուլպաներն առանձնացնել արյան մեջ մալարիայի մակաբույծի հետքեր չունեցող երեխաների գուլպաներից:
Թեստավորման ենթարկված 175 նմուշներից շները կարողացել են վարակվածներին ճիշտ որոշել 70 տոկոս դեպքերում, իսկ առողջներին՝ 90 տոկոս դեպքերում: Գիտնականների կարծիքով՝ ախտորոշման որակը, հավանաբար, հնարավոր է բարձրացնել, եթե շան եւ մարդու ավելի սերտ շփում լինի:






