Վերջին շրջանում հազվադեպ չեն դեպքերը, երբ տարբեր լաբորատորիաներից հիվանդներին միեւնույն հետազոտությունների համար տալիս են տարբեր պատասխաններ: Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ որեւէ լաբորատորիա անալիզները սխալ է կատարում: Անալիզներն ինչպե՞ս է պետք հանձնել, որպեսզի արդյունքների ճիշտ լինելուն վստահես:

Այս հարցերի շուրջ NEWS.am Medicine-ը զրուցեց «Նաիրի» բժշկական կենտրոնի լաբորատոր ծառայության ղեկավար Թամարա Գալստյանի հետ:

Իհարկե հետազոտությունների հավաստի արդյունքներ ստանալու համար անչափ կարեւոր նշանակություն ունեն ընտրված լաբորատորիայի տեխնիկական հագեցվածությունը, արդիական սարքավոռումների առկայությունը,որակյալ ռեագենտները եւ բուժանձնակազմի մասնագիտական հմտությունը: «Նաիրի» ԲԿ–ի լաբորատորիայում օգտագործվում են Roche, Stago եւ Sysmex ավտոմատ անալիզատորներ, որոնք աշխատում են գերմանական Roche Diagnostics ընկերության ռեագենտներով:

Բայց առավել կարևոր է, որ լաբորատորիայում իրականացվում են ներքին և արտաքին որակի վերահսկման ծրագրեր: «Նաիրի» ԲԿ-ի լաբորատորիան արդեն տարիներ շարունակ մասնակցում է  միջազգային լաբորատոր ախտորոշման որակի արտաքին վերահսկման ծրագրերին՝ RIQAS (Randox International Quality Assessment Scheme): Ծրագրի շրջանակում լաբորատորիան մեկ տարվա ընթացքում  երկու շաբաթը մեկ հսկիչ շիճուկներ է ստանում, որոնց հետազոտության արդյունքները  կանոնավոր կերպ տեղադրվում են համացանցում: Եթե ստացված բոլոր տվյալները համընկնում են հսկիչ լաբորատորիայի տվյալներին, վերահսկվող լաբորատորիան սերտիֆիկատ է ստանում, որը ներկայացվում է պացիենտին  ըստ պահանջի, երբ հիվանդը ցանկանում է հավաստիանալ հետազոտության արդյունքների և որակի վերաբերյալ:

Թամարա Գալստյանը նշեց, որ հետազոտությունների արդյունքների ճշգրտությունը պայմանավորված է նաև բազմաթիվ այլ գործոններով: Սթրեսը, ֆիզիկական գերլարվածությունը, դեղամիջոցները, ալկոհոլը, իհարկե, կարող են որոշակի ազդեցություն  ունենալ հետազոտության արդյունքների վրա: Սնունդը կարող է ազդել արյան մեջ խոլեստերինի եւ գլյուկոզայի, ինչպես նաեւ որոշ հորմոնների մակարդակի վրա: Առավելագույն ճշգրիտ արդյունքներ ստանալու համար ցանկալի է արյուն հանձնելու նախօրեին, երեկոյան ժամը 20:00-ից հետո յուղոտ եւ «ծանր» կերակուր չուտել: Սթրեսը կարող է ազդել նաեւ վահանաձեւ գեղձի հորմոնների, կորտիզոլի եւ գլյուկոզայի մակարդակի վրա:

Օրգանիզմում հորմոններից շատերի արտադրությունը պայմանավորված է օրգանիզմի կենսառիթմերից, որոնք իրենց հերթին կախված են օրվա ժամից:

Ուստի անհրաժեշտ է հետևել մասնագետի խորհրդատվությանը այս կամ այն հետազոտության վերաբերյալ, ինչը թույլ կտա ստանալ ճշգրիտ արդյունքներ:

Եթե պացիենտը այնուամենայնիվ ցանկանում է ստացած արդյունքները վերստուգել մեկ ուրիշ լաբորատորիայում, պետք է մի քանի մանրամասների տեղյակ լինի. մասնավորապես՝ նա պետք է պատշաճ կերպով հետեւելով կենսանյութի պահելու եւ տեղափոխման պայմաններին, այլ լաբորատորիա տանի արյան նույն բաժնից, քանի որ մյուս օրը վերցված արյան մեջ կարող են լինել արդեն այլ ցուցանիշներ: Ավելին՝ չափազանց կարեւոր է իմանալ, որ ախտորոշման տարբեր լաբորատորիաներ անալիզները կատարելու համար օգտագործում են տարբեր տեսակի լաբորատոր սարքավորումներ, տարբեր արտադրողների ռեագենտներ, հետազոտությունների տարբեր մեթոդներ եւ սրա հետ կապված պատասխանների ձեւաթղթերի վրա նշված ռեֆերենտային մեծությունների դիապազոնները  կարող են տարբերվել:

Այսպիսով, որպեսզի արդյունքների մեկնաբանումը ճիշտ լինի, պահպանվի դրանց համադրելիությունը, հատկապես կրկնակի հետազոտությունների դեպքում, օրինակ, թերապիայի մոնիթորինգի ժամանակ, նպատակահարմար է հետազոտություններն անցկացնել միեւնույն մեթոդով, միեւնույն կամ նման տեխնիկական բազա ունեցող լաբորատորիայում:

«Եթե հանկարծ արդյունքներ եմ ստանում, որոնք ինձ կասկածելի են թվում, պարտադիր անալիզը կրկնում եմ: Ավելի լավ է մի քանի անգամ ստուգել, բայց պատասխան ստանալ, որին 100% վստահ եմ», - նշեց Թամարա Գալստյանը: - «Հաջորդ հանդիպման ընթացքում ես կպատմեմ սկրինինգային պանելների մասին , որոնք կիրառվում են կանխարգելիչ  ծրագրերի շրջանակներում»: