Լիարժեք չքնած կանանց շրջանում մեծանում է վայր ընկնելու հավանականությունը: Այս մասին են վկայում Պիտսբուրգի համալսարանի գիտնականների հետազոտությունների արդյունքները:

Պարզվել է, որ կանանց շրջանում, որոնք քնում են օրական 7-8 ժամ, վայր ընկնելու հավանականությունը նվազում է 25 տոկոսով՝ նրանց համեմատությամբ, ովքեր օրական քնում են 5 ժամից պակաս կամ 10 ժամից ավելի:

Դիտարկումները կատարվել են 12,5 տարի 150 հազար կանանց հետեւելով: Պարզվել է, որ վայր ընկնելու եւ կոտրվածքների քանակությունը մոտ 7 տոկոս է կազմել նրանց շրջանում, ովքեր քնել են օրական 7-ից մինչեւ 8 ժամ: Իսկ նրանց շրջանում, ովքեր քնին հատկացրել են 5-6 ժամից պակաս, այս ցուցանիշները հասել են 10,6 տոկոսի: Իսկ ահա քնկոտների շրջանում, ովքեր քնել են 10 ժամից ավելի, վայր ընկնելու հավանականությունը կազմել է 11,8 տոկոս:

Միաժամանակ, պարզվել է, որ քնի խանգարումները բերում են ընկնելու բազմաթիվ դեպքերի, որը, հավանաբար, պայմանավորված է այն հանգամանքով, որ հոգնած ուղեղը թուլացնում է շարժումների համակարգման վերահսկողությունը: