Klotho սպիտակուցը հաճախ անվանում են «երկարակեցության սպիտակուց», քանի որ այն օրգանիզմում ճնշում է ծերանալու հետ կապված գործընթացները։ Փիթսբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, որ այդ սպիտակուցը կարող է նպաստել մկանային հյուսվածքների վերականգնմանը։ Այդ հետազոտության արդյունքները հրատարակվել են Nature Communications ամսագրում։
Տարիքի հետ Klotho սպիտակուցը կոդավորող նույնանուն գենի ակտիվությունը մարում է, եւ սպիտակուցի անբավարարությունը հանգեցնում է ծերացման բազմաթիվ ցուցանիշների ի հայտ գալուն, որոնց թվում են կոգնիտիվ խախտումները եւ մկանային զանգվածի եւ ուժերի կորուստը։
Վերոնշյալ գիտնականները առնետների հետ կատարած լաբորատոր հետազոտությունների ընթացքում պարզել են, որ երիտասարդ կենդանիների մոտ մկանային հյուսվածքների վնասվելուց հետո Klotho սպիտակուցի արտադրությունը մկանային բջիջներում ակտիվանում է, իսկ տարեց կենդանիների մոտ դա տեղի չի ունենում։ Գիտնականները եզրակացրել են, որ տարեց մկների մոտ Klotho-ի անբավարարությունը կապված է ԴՆԹ միտոխոնդրիաների՝ բջիջների էներգետիկ մատակարարների հետ։
Երբ Klotho-ի անբավարարություն ունեցող տարեց մկներին ԴՆԹ-ն վերականգնող եւ Klotho-ի մակարդակը բարձրացնող դեղամիջոց են տվել, նրանց վերքերի տեղում սկսել է ակտիվորեն մկանային հյուսվածք աճել, իսկ վերականգնումից հետո այդ մկները ոչնչով առողջ մկներից չեն տարբերվել։
Գիտնականների կարծիքով՝ Klotho-ն ապագայում հնարավոր կլինի օգտագործել տարեց այն հիվանդների բուժման համար, որոնց մկանային հյուսվածքը տրավմայից վնասվել է։ Սակայն դրա համար լրացուցիչ հետազոտություններ են հարկավոր։






