Առաջնային իմունոդեֆիցիտով հիվանդների մեծ մասը մահանում են չախտորոշված՝ հաստկապես այն երկրներում, որտեղ իմունոլոգիան այդքան էլ զարգացած չէ։ Հայաստանում, օրինակ, առաջնային իմունոդեֆիցիտով հիվանդների թիվը 200-ից պակաս պետք է որ չլինի, սակայն նրանց մեծ մասը չգիտի իր ախտորոշումը։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց համաշխարհային ճանաչում ունեցող իմունոլոգ Նիմա Ռեզաին (Իրան), ով աշխարհի լավագույն գիտնականների 1 տոկոսի մեջ է ներառված։
Առաջնային իմունոդեֆիցիտներ – սրանք ժառանգական կամ ներարգանդային շրջանում ձեռք բերված հիվանդություններ են, որի ժամանակ իմունիտետը չի կարող արդյունավետ պայքարել օրգանիզմ ներթափանցող վարակների դեմ։ Այսօրվա դրությամբ գիտությանն արդեն հայտնի է առաջնային իմունոդեֆիցիտի ավելի քան 350 տարատեսակ։ Դրանց մի մասը համեմատաբար հեշտ են վերահսկվում, մյուսները (Ծանր համատեղված իմունոդեֆիցիտը) կյանքի առաջին իսկ ամիսներին շտապ ախտորոշում եւ ողնուղեղի փոխպատվաստում են պահանջում, այլապես երեխան մինչեւ մեկ տարեկան էլ չի կարող ապրել։
Նիմա Ռեզաին նշեց, որ եթե երեխայի մոտ իմունոդիֆիցիտը շուտ են ախտորոշում, ճիշտ բուժման եւ վերահսկողության դեպքում նա լիարժեք առողջ եւ լիակատար մարդ մեծանալու բոլոր շանսերն ունի։ Ինքը բժիշկ Ռեզաին գիտի առաջնային իմունոդեֆիցիտի ծանր տեսակով ոչ քիչ հիվանդների, որոնք արդեն ավելի քան 40 տարեկան են, եւ արտաքինից չի էլ երեւում, որ նման հիվանդություն ունեն։
Սակայն եթե երեխայի մոտ իմունոդեֆիցիտ չախտորոշեն եւ նա բուժում չստանա, վտանգ կա, որ նա կմահանա դեռահաս տարիքում՝ ծանր վարակներից եւ/կամ քաղցկեղից։ Նման դեպքեր պատահում են ավելի շատ, քան մենք կարծում ենք՝ իմունոդեֆիցիտ ունեցող մարդիկ մահանում են վարակիչ հիվանդություններից՝ այդպես էլ չիմանալով, որ իրենց հաճախակի հիվանդությունների պատճառը հենց իմունոդեֆիցիտն է, որը հավանաբար կարելի էր բուժել։
Ինչ ախտանշաններով կարելի է երեխայի մոտ իմունոդեֆիցիտ կասկածել։
Ինչպես նշեց բժիշկ Ռեզաին, եթե երեխան ուղղակի շատ է հիվանդանում մրսածության պատճառով, դա դեռեւս անհանգստանալու պատճառ չէ։ Սակայն եթե նա տարեկան 4 անգամից ավել է հիվանդանում սինուսիտով կամ օտիտով, եթե տարեկան 2 անգամից ավել է հիվանդանում սինովիտով կամ ցանկացած այլ լուրջ վարակիչ հիվանդությամբ, դա արդեն իմունոլոգին դիմելու առիթ է։
Նաեւ խորհուրդ է տրվում դիմել բժշկի, եթե երեխան հասակով եւ ֆիզիկական զարգացմամբ հետ է մնում, մաշկի կամ ներքին օրգանների կրկնվող խորը բորբոքումներ է ունենում, բերանի լորձաթաղանթի եւ մաշկի սնկային հիվանդություններ է ունենում, կամ նրա ընտանիքում արդեն եղել են առաջնային իմունոդեֆիցիտի դեպքեր։
Այս ախտանշանները, իհարկե, չեն կարող իմունոդեֆիցիտի ախտորոշման չափանիշներ լինել, սակայն եթե երեխայի մոտ սրանցից 2-ն առկա են, արժի խորհրդակցել բժշկի հետ։
Մասնագետը նաեւ նշեց, թե ցանկալի է, որ Հայաստանի բոլոր մանկաբույժները ծանոթ լինեն այս ախտանշանների հետ, ինչը կօգնի երեխաների մոտ ախտորոշել իմունոդեֆիցիտը եւ խուսափել հիպերախտորոշումից, քանի որ կան երեխաներ, որոնք մյուսներից ավելի հաճախ են հիվանդանում, բայց ոչ մի իմունոդեֆիցիտ էլ չունեն։ Իմունոդեֆիցիտի դեպքում, ըստ բժշկի, հիվանդությունները շատ ծանր ընթացք են ունենում եւ դժվար են բուժվում։ «Թեթեւ» մրսածության հաճախակի դեպքերը, ամենայն հավանականությամբ, չեն վկայում երեխայի մոտ իմունային համակարգի լուրջ խնդիրների մասին։
Ինչպես մեր զրուցակիցը նշեց, շատ կարեւոր է, որ ծնողներն իմանան այդ ախտանշանների մասին, որպեսզի իմունոդեֆիցիտի առաջին իսկ կասկածի դեպքում երեխային ցույց տան բժշկին։ Ոչ պակաս կարեւոր է, որ այս ախտանշանների մասին իմանան առաջին օղակի աշխատողները, որպեսզի կարողանան հիվանդին ճիշտ նեղ մասնագետի մոտ ուղարկել։
Նիմա Ռեզաին աշխարհում առաջնային իմունոդեֆիցիտի ամենահայտնի մասնագետներից մեկն է։ Նա հայտնի է այս ոլորտում իր բազմաթիվ հետազոտությունների եւ գիտական աշխատանքների շնորհիվ։ Ռեզաին Universal Scientific Education and Research Network (USERN) գիտական ցանցի, ինչպես նաեւ Առաջնային իմունոդեֆիցիտի իրանական ռեեստրի (Iranian Primary Immunodeficiency Diseases Registry (IPIDR)) ստեղծողն է։ Նա ավելի քան 500 գիտական հրատարակումների, այդ թվում Avicenna Festival-ի մրցանակների արժանացած 5 գրքերի հեղինակ է։ Ռեզաիի գիտական գործունեությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով՝ https://usern.tums.ac.ir/User/CV/rezaei_nima?fbclid=IwAR1roNrBAtmgO4fNcL8QjoBhOCE9D5qXOQBc3sJg25wwp7fYj9kJWzJkNoI






