Կանադայում ծխախոտի դեմ պայքարը մեծ արդյունքներ է տվել, եւ լավ կլիներ, եթե Հայաստանն էլ կարողանար հասնել նույն արդյունքների։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգահան Հարություն Տեր-Հովհաննիսյանը, ով նաեւ հայտնի է որպես Դեր Հովա։
Դեր Հովան ծնվել ու մեծացել է Կանադայում, եւ, իր իսկ փոխանցմամբ, ականատես է եղել այն բանի, թե ինչպես է կանադական կառավարությունը պայքարել ծխախոտի դեմ եւ ինչի է կարողացել հասնել։
Դեր Հովայի խոսքով՝ տարիներ առաջ կանադական կառավարությունը որոշեց արգելել ծխելը բոլոր հասարակական փակ տարածքներում, որոնց թվում էին նաեւ ռեստորանները, դիսկոտեկները եւ խոշոր առեւտրի կենտրոնները։ Բիզնեսները, մանավանդ ռեստորանները, շատ էին բողոքում, հիշում է Դեր Հովան։ Բոլորը ասում էին, այդ օրենքը բացասաբար կանդրադառնա նրանց գործունեության վրա։ Նրանք ինչ-որ առումով ճիշտ էին, եւ հաճախորդների թիվը սկզբում իրոք մի քիչ նվազեց, սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ կարգի եկավ, իսկ մարդիկ հետզհետե սովորեցին հասարակական վայրերում չծխել։
«Հիմա արդեն (Կանադայում) ծխողները դուրս են գալիս ռեստորանից, ծխում են, հետո ներս են մտնում։ Իրենք էլ արդեն վարժվել են դրան, որ պետք է հաց ուտեն մաքուր օդի, մաքուր միջավայրի մեջ», - ասաց Դեր Հովան։
Ի դեպ, Կանադայում ծխախոտի դեմ պայքարը իրոք մեծ արդյունքներ է տվել. այսօր Կանադան համարվում է ամենամաքուր երկրներից մեկը՝ ամենաքիչ թվով ծխողներով։ Միեւնույն ժամանակ Հայաստանը ամենաշատ ծխող երկրների Top-10-ի մեջ է, եւ դա, Դեր Հովայի կարծիքով, շատ ամոթ է։
Դեր Հովան Հայաստանում առողջ ապրելակերպ քարոզող ամենահայտնի մարդկանցից մեկն է։ Ինչպես նա նշեց լրագրողների հետ զրույցում, նրա համար տարբերություն չկա, թե ծխողը կին է թե տղամարդ՝ նա միեւնույն է դեմ է ծխելուն։
«Ափսոսում ես այն երեխաներին եւ ջահելներին, որոնք իրենց առողջության մասին չեն մտածում», - ասաց նա, ավելացնելով, որ շատերը ծխում են հոգսերի պատճառով, բայց չեն հասկանում, որ դրանով միայն ավելացնում են իրենց հոգսերը։






