Սկզբում ծնողները մտածում էին, թե Ջեք Յանգն ուղղակի շատ ուրախ երեխա է. օրվա մեծ մասը նա ծիծաղում էր: Բայց երբ երեխայի ծիծաղը սկսեց նրանց գիշերներն արթնացնել, նրանք հասկացան, որ ինչ-որ բան այն չէ:
Ջեքին տարել են բրիտանական հիվանդանոցներից մեկը, որտեղ պարզվել է, որ ծիծաղի նոպաներն առաջանում են հիպոթալամուսի համարտոմայի հետեւանքով, որը ուղեղի հազվագյուտ բարորակ ուռուցք է: Այս ուռուցքն առաջացնում է յուրահատուկ էպիլեպտիկ նոպաներ, որոնք երբեմն անվանում են ծիծաղի նոպաներ: Այսպիսի նորագոյացություններ են հանդիպում յուրաքանչյուր 200 հազար մարդուց մեկի մոտ:
Ծիծաղի նոպաների սկսվելուց հետո գրեթե 2 տարի անց, որոնք կարող էին տեւել առավոտից մինչեւ ուշ գիշեր, 4-ամյա Ջեքին, այնուամենայնիվ, վիրահատել են: Վիրահատությունը տեւել է 10 ժամ, եւ վիրաբույժները հաջողությամբ հեռացրել են ուղեղի ուռուցքը, որից հետո տղայի մոտ ծիծաղի նոպաները դադարել են:
Հիմա տղան առողջ է, բայց ծնողների խոսքով՝ իրենք ամեն անգամ սկսում են նյարդայնանալ, երբ նա ծիծաղում է:
Հիպոթալամուսի համարտոման ուղեղի ոչ մեծ բարորակ ուռուցք է, որն առաջացնում է նոպաներ, վարքագծի հետ կապված խնդիրներ, ինչպես նաեւ հիշողության կորուստ: Այն բավականին դժվար է ախտորոշել, բայց էլ ավելի դժվար է բուժել: Այս ուռուցքն ունեցող որոշ մարդկանց մոտ առաջին բավականին չափավոր ախտանշաններն արտահայտվում են միայն տարիներ հետո, եւ դրանք վերագրում են հոգեկան վիճակի հետ կապված խնդիրներին:
Հիպոթալամուսի համարտոմայով երեխաների մեծամասնության շրջանում առավել տարածված ախտանշաններն են ամենօրյա հաճախակի նոպաները, որոնք ներառում են ինքնաբերական ծիծաղ, քրքջոց կամ լաց: Այս խանգարումն ավելի հաճախ բուժում են հակաէպիլեպտիկ դեղամիջոցներով կամ վիրաբուժական ճանապարհով:






