Ընկերների խոսքերը բժիշկների խոսքերից ավելի լավ են ազդում ծխողների վրա եւ ստիպում նրանց թողել ծխելը։ Այս մասին լրագրողներին ասաց դիջեյ Վակցինան՝ Արուսիկ Մկրտչյանը։

Դիջեյ Վակցինան ծխախոտի դեմ պայքարի ամենաակտիվ մասնակիցներից մեկն է եւ, ինչպես նա պատմեց լրագրողներին, օգտագործում է բոլոր հնարավոր ռեսուրսները՝ հակածխախոտային պայքար իրականացնելու եւ առողջ ապրելակերպ քարոզելու համար։

Ծխող ընկերներին դիջեյ Վակցինան նույնպես աշխատում է համոզել, որ ծխելը վնասակար է եւ ցանկալի է դրանից զերծ մնալ։ Մասնագիտությամբ նա բժիշկ չէ, բայց կենսաբան է եւ տեղեկացված է այն մասին, թե ինչպես է ծխելն ազդում մարդու օրգանիզմի վրա։

«Ներկայացնում եմ խնդիրը մասնագիտորեն, բայց ոչ շատ ծանրացնելով, որովհետեւ ես նրանց ընկերն եմ, ես բժիշկ չեմ։ Նրանք ավելի շատ են հաշվի առնում ընկերոջ ասածը, որովհետեւ զգում են, թե ինչքան սրտացավորեն է դա ասվում», - ասաց Վակցինան, ավելացնելով, որ շատերին է ճանաչում, ովքեր թողել են ծխելը եւ ամիսներ անց նույնիսկ շնորհակալություն են հայտնել նրան՝ ծխելը թողնելուն նպաստելու համար։

«Յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, թե ինչ արժեք ունի իր համար առողջությունը եւ ինչ արժեք ունի կյանքի տեւողությունը, որովհետեւ ծխելը անմիջականորեն կապված է կյանքի տեւողության կրճատման հետ», - ասաց դիջեյը։