Ամերիկացի Չարլզ Փոուելը ստեղծել է պահպանակ, որն ըստ նրա, ավելի ապահով, ավելի ուժեղ եւ ավելի բնական հաճույք ստանալու հնարավորություն է տալիս, հաղորդում է Daily Mail-ը։ Գաղտնիքն այն է, որ պահպանակի գլխիկը ամրացվում է առնանդամի ծայրին՝ ազատ թողնելով առնանդամի մյուս հատվածները, ինչը խթանում է զգայունությունը եւ ավելի մեծ հաճույք է պատճառում։
Պահպանակը բաղկացած է երկու մասից. առաջինը՝ U-ձեւ պոլիուրեթանային սոսնձվող ժապավեն, որը փաթաթվում է առնանդամի շուրջը (այնպես, ինչպես վիրակապը մատին փաթաթելիս), եւ գլխիկը, որն ամրացվում է դրան՝ «արգելափակելով» սերմնահեղուկը։
Փոուելը պնդում է, որ պոլիուրեթանային սոսնձվող ժապավենը կարծես մաշկի երկրորդ շերտ լինի, եւ այն կարելի է օրեր կամ ամիսներ առաջ դնել առնանդամի վրա եւ նույնիսկ կարելի է չհանել միզելու կամ լողանալու ժամանակ։
Երբ մարդը ցանկանում է սեքսով զբաղվել, նա հեռացնում է գլխիկի պաշտպանիչ թղթյա շերտը եւ դնում այն պոլիուրեթանի վրա՝ ապահով միացնելով երկուսը եւ կանխելով սերմնահեղուկի արտահոսքը։
Փոուելը հավատացած է, որ իր կողմից մշակված այս պահպանակները լուծում են երեք կարեւոր հարց. այն վերացնում է գայթակղության եւ զգացմունքայնության պակասը, օգնում է զերծ մնալ պահպանակների փաթեթավորման եւ օգտագործման հետ կապված խնդիրներից։
Բայց սեռական առողջության Terence Higgins բարեգործական հիմնադրամի կլինիկական տնօրեն Ջեյսոն Ուորիները քննադատել է այս պահպանակները, ասելով. «սա, միգուցե, հարմար է զույգերի երկարաժամկետ հարաբերությունների ժամանակ օգտագործելու համար, բայց այն չի կարող խողչընդոտ հանդիսանալ սեռավարակների համար։ Պահպանակը չի կարող կանխարգելել այնպիսի վարակների տարածումը, ինչպիսիք են ՄԻԱՎ-ը կամ հերպեսը, քանի որ ողջ առնանդամը պաշտպանված չէ»։
Ըստ հաշվարկների՝ 2012.-ին աշխարհում վաճառվել է 18.5 միլիարդ պահպանակ։ Ենթադրվում է, որ մյուս տարի այս ցուցանիշը կհասնի մինչեւ 27 միլիարդ՝ 6 միլիարդ դոլարի շուկայական արժեքով։






