Ամենօրյա որոշ գործողություններ, որոնք մենք անվնաս ենք համարում, իրականում կարող են աստիճանաբար մեզ գերեզման տանել։ Նստaկյաց ապրելակերպը, անհարմար հագուստ կրելը եւ սմարթֆոններով երկար խաղալը դրանցից ընդամենը մի քանիսն են։ Medical Daily-ն ներկայացնում է այն առօրյա գործողությունները, որոնք կարող են ազդել մեր առողջության վրա։
1. Երկար նստելը
Մեր կյանքի այս կամ այն հատվածում, մենք երկար ժամանակ ենք անցկացնում նստած վիճակում՝ աշխատասեղանի մոտ, համակարգչի էկրանին նայելիս եւ այլն։ Հետազոտությունները ցույց են տվել, որ երկար ժամանակ նստած լինելը կարող է մեծացնել սիրտ-անոթային հիվանդությունների, դիաբետի, դեպրեսիայի եւ քաղցկեղի մի քանի տեսակների առաջացման հավանականությունը։
2. Անհարմար կոշիկ, կրծկալ կամ պայուսակ կրելը
Կանայք, ովքեր անհարմար կրծկալ, կոշիկ եւ պայուսակ են կրում՝ հանդուրժելով այդ ցավերը հանուն գեղեցկության եւ նորաձեւության, մտածում են, որ դա ընդամենը մի քանի ժամ է։ Սակայն առողջապահության փորձագետները հաստատել են, որ անհարմար կոշիկները կարող են մշտական խնդիրներ առաջացնել մեջքի շրջանում։ Բացի այդ, սխալ ընտրված կրծկալը կարող է առաջացնել մաշկի ցան, տենդինիտներ եւ նույնիսկ ստամոքս-աղիքային այնպիսի խնդիրներ, ինչպիսին է բորբոքված աղիքի համախտանիշը։ Եւ նույնիսկ եթե մեծ պայուսակները շատ մոդայիկ են հիմա, Ամերիկյան հիրոպրակտիկայի ասոցիացիայի փորձագետները խորհուրդ են տալիս պայուսակում այդքան շատ իրեր չլցնել, քանի որ պայուսակի քաշը չպետք է կազմի ամբողջ մարմնի կշռի 10%-ից ավելին։
«Ինչ կոշիկ էլ, որ հագնենք, այն մեծ ազդեցություն ունի մեր կեցվածքի վրա։ Անհարմար կոշիկը կարող է առաջացնել ողնաշարի դեգեներացիա, եւ անգամ հանգեցնել որոշ վիրահատական միջամտությունների»,-ասել է Ողնաշարի լազերային ինստիտուտի բժիշկ Մայքլ Փերին։ «Բարձրակրունկ կոշիկները ընկնելու, կոճերի ջղաձգման, հոդերի արագ դեգեներացիայի եւ ոտքերի անբնական դիրքի առաջացման ակնհայտ մեղավորն են»։
3. Սմարթֆոններով եւ պլանշետներով լարված խաղալը
Սմարթֆոնների եւ պլանշետների երկար օգտագործումից առաջացած վատ կեցվածքը ոչ միայն տարածվում է չափահաս մարդկանց, այլեւ երիտասարդների մոտ, ովքեր ոչ մի րոպե չեն կարողանում կտրվել իրենց հեռախոսներից։
Հետազոտությունները ցույց են տվել, որ սմարթֆոնների եւ պլանշետների շարունակական օգտագործումը կարող է ավելի մեծացնել առողջության հետ կապված խնդիրները՝ հատկապես երկար տեքստային հաղորդագրություններ գրելը։ Տեքստը հավաքելու ընթացքում մարդիկ իրենց գլուխը գրեթե մտցնում են սմարթֆոնների ու պլանշետների մեջ՝ անհարմար դիրք ընդունելով, ինչը ավելի է լարում մեջքի, ուսերի եւ պարանոցի մկանները։
4. Քնի պակասը
Քնի ազգային ֆոնդը չափահաս մարդկանց խորհուրդ է տվել օրական քնել 7-9 ժամ։ Շվեդիայի Uppsala համալսարանում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ անգամ մեկ գիշեր չքնելը կարող է հանգեցնել ուղեղի վնասման համար կենսաբանական մարկերներ համարվող մոլեկուլների լայնացմանը։
5. Ցերեկային քնկոտություն
Կեսօրին քնելը կարող է ազդեցիկ միջոց լինել արտադրողականաութունը բարձրացնելու համար, բայց փորձեք օրվա ընթացքում երկար չքնել, քանի որ այն կարող է ունենալ նաեւ բացասական ազդեցություն։ Նորֆոլկ քաղցկեղի եվրոպական ուսումնասիրության տվյալները (EPIC) ցույց են տվել, որ օրվա ընթացքում մեկ ժամից ավել քնող մարդիկ մեծացնում են վաղաժամ մահվան վտանգը 32%-ով։
6. Ոչ ալկոհոլային քաղցր ըմպելիքներ
Մարդիկ, ովքեր օրական խմում են մի շիշ գազավորված ըմպելիք, 20%-ով մեծացնում են սրտի նոպաների առաջացման հավանականությունը՝ ըստ Հարվարդի համալսարանի վերջին հետազոտության։ Մի շիշ գազավորված ըմպելիքի մեջ կարող է 10 թեյի գդալ շաքար լինել, կամ այն կարող է լրացնել մեր ամբողջ օրվա շաքարի քանակի 100%-ով։ Մի շիշ գազավորված ըմպելիքը նաեւ կարող է առաջացնել թոքային այնպիսի բարդություններ, ինչպիսիք են ասթման եւ քրոնիկ օբստրուկտիվ թոքային խանգարումը (ՔՕԹԽ):






