Արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) ժամանակ սաղմի նախաիմպլանտացիոն գենետիկ սքրինինգը (ՆԳՍ) չի բարձրացնում հաջող հղիության հավանականությունը, պնդում է Իսրայելի Շեբա կլինիկայի վերարտադրողական առողջության բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Ռաուլ Օրվիետոն, որը ղեկավարում է «Աստղիկ» ԲԿ-ի ԱՄԲ բաժանմունքը։ Ավելին՝ ՆԳՍ-ը կարող է, ընդհակառակը, զգալիորեն նվազեցնել այդ հավանականությունը։
Ի՞նչ է իրենից ներկայացնում սաղմի նախաիմպլանտացիոն գենետիկ սքրինինգը: 5-օրյա սաղմից (որը կոչվում է բլաստոցիստ) բիոպսիայի օգնությամբ մի քանի բջիջ են վերցնում, որոնք հետո թեստավորում են քրոմոսոմների թվի փոփոխման համար (անեուպլոիդիա)։ Կնոջ արգանդում տեղադրելու համար ընտրում են, այսպես կոչված, էուպլոիդ սաղմերը, այսինքն՝ քրոմոսոմների նորմալ թվով սաղմերը։
Տեսականորեն այս միջամտությունը օգտակար եւ հետաքրքիր է թվում, բայց գործնականում ամենն այնքան էլ հեշտ չէ։
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պրոֆեսոր Օրվիետոն բացատրեց, որ այստեղ մի քանի խնդիրներ կան։ Նախ՝ ոչ բոլոր սաղմերն են «գոյատեւում» լաբորատոր պայմաններում մինչեւ բլաստոցիստի փուլը, որպեսզի կարելի լինի բիոպսիա եւ սքրինինգ իրականացնել. եթե կինն արդեն տարիքն առած է, 8 սաղմից միայն 1-ը կարող է «ապրել» մինչեւ 5 օր։ Ստացվում է, որ եթե մասնագետները սպասեն 5 օր, որպեսզի ՆԳՍ իրականացնեն, նրանք կարող են կորցնել ոչ քիչ թվով լավ սաղմեր, որոնք կարող էին հղիություն ապահովել, եթե դրանք կնոջ արգանդում տեղադրվեին բեղմնավորումից 3 օր հետո։
Երկրորդ՝ ՆԳՍ անցկացման տեխնոլոգիան այսօր չափազանց անկատար է, ուստի թեստը հաճախ կեղծ դրական եւ կեղծ բացասական արդյունքներ է տալիս. եթե միեւնույն սաղմից երկու անգամ բիոպսիա կատարենք եւ ստուգենք վերցված բջիջները (կարեւոր չէ՝ նույն լաբորատորիայում, թե տարբեր), մեծ հավանականությամբ կստանանք 2 միանգամայն տարբեր արդյունք։
Երրորդ. ինչպես ցույց է տալիս պրակտիկան, սաղմերի մոտ 40%-ը, որոնք, համաձայն ՆԳՍ-ի, մոզայիկ են, արդյունքում ինքնավերականգնվում է եւ հանգեցնում նորմալ հղիության ու առողջ երեխայի ծնվելուն։
«Պատկերացնենք, որ ունենք 100 սաղմ։ Եթե սպասենք 5 օր եւ ՆԳՍ իրականացնենք, իսկ հետո կանանց արգանդում տեղադրենք ըստ թեստի արդյունքների լավ սաղմերը, մենք կստանանք մոտ 10-13 հղիություն։ Եթե սպասենք 5 օր եւ տեղադրենք բոլոր սաղմերը, որոնք գոյատեւել են մինչեւ բլաստոցիստի փուլը, մենք կստանանք մոտ 22 հղիություն։ Իսկ եթե չսպասենք 5-րդ օրվան եւ բոլոր 100 սաղմերը տեղադրենք 3-րդ օրը, մենք կստանանք մոտ 30 հղիություն (21-50՝ ըստ տարբեր հետազոտությունների), - նշել է բժիշկ Օրվիետոն։ - Ուստի, չարժե 5-րդ օրվան սպասել սաղմերը տեղադրելու համար, ավելի ճիշտ է դրանք տեղադրել 3-րդ օրը, որպեսզի ավելի մեծ հավանականությամբ հղիություն ստանանք»։
Իսկ սաղմերի նախաիմպլանտացիոն գենետիկ դիագնոստիկա (ՆԳԴ), ինչպես նշեց պրոֆեսոր Օրվիետոն, իմաստ ունի իրականացնել միայն լուրջ ժառանգական հիվանդություններ ունեցող զույգերի համար (օրինակ՝ կիստոզ ֆիբրոզներ)։ Այս դեպքում թեստավորումն ավելի քան արդարացված է, որովհետեւ զույգին անհրաժեշտ է համոզվել, որ իրենց ապագա երեխան չի ժառանգի նրանց հիվանդությունները. թեստավորումից հետո արգանդում տեղադրման համար կարելի կլինի ընտրել այն սաղմերը, որոնցում չկան կոնկրետ հիվանդությունների հետ կապված գեներ։
ՆԳՍ խնդրին էր նվիրված «Վերականգնողական առողջություն» գիտաժողովի ժամանակ բժիշկ Օրվիետոյի կարդացած դասախոսությունը. գիտաժողովը դեկտեմբերի 22-ին կազմակերպել էր «Աստղիկ» ԲԿ-ն Երեւանում։
Գիտաժողովը նախատեսված էր ոչ միայն բժիշկ-վերարտադրողների, այլեւ գինեկոլոգների ու առաջնային օղակի մասնագետների՝ թերապեւտների ու ընտանեկան բժիշկների համար, չէ՞ որ հենց նրանց են, որպես կանոն, առաջինը դիմում անպտղությամբ տառապող զույգերը։
Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Աստղիկ» ԲԿ վերարտադրողական բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Կարինե Կիրակոսյանը, չափազանց կարեւոր է, որպեսզի առաջնային օղակի բժիշկներն իմանան, թե ինչ հետազոտություններ է անհրաժեշտ իրականացնել, եթե իրենց դիմում են անպտղություն ունեցող զույգերը, ինչ բուժում է կարելի կամ պետք է նշանակել, եւ որ գլխավորն է՝ երբ է պետք զույգին ուղարկել նեղ մասնագետների՝ ռեպրոդուկտոլոգների մոտ։
Գիտաժողովի ընթացքում մեծ ուշադրություն հատկացվեց նաեւ Հայաստանում անպտղության պատճառներին. ինչպես նշեց բժիշկ Կիրակոսյանը, մի շարք գենետիկ պատճառներով Հայաստանում բավական տարածված են հորմոնալ խանգարումները (այդ թվում եւ պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը), որոնք նույնպես կարող են հանգեցնել անպտղության եւ որոնց բուժումը հատուկ մոտեցում է պահանջում։
Գիտաժողովի ընթացքում զեկույցներներով հանդես եկան «Աստղիկ» ԲԿ վերարտադրողական բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. Կ.Կիրակոսյանը, «Աստղիկ» ԲԿ կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ. Ի. Պերսոյանը, գենետիկ-սաղմնաբան Ի. Կարապետյանը, ուրոլոգ, անդրոլոգ Ա. Ադամյանը:
Գիտաժողովը հաստատված է ՀՀ ԱՆ-ի կողմից. մասնակիցները կստանան 5 ՇՄԶ կրեդիտ։










