Քաղցկեղի, դրա առաջացման պատճառների եւ բուժման ճանապարհների մասին հարցերն այսօր բոլորի ուշադրության կենտրոնում են: Կարելի՞ է արդյոք վիրահատել քաղցկեղը: Որքանո՞վ է ճիշտ բուժման այս մեթոդը եւ արդյո՞ք դրա պատճառով կարող են խնդիրներ առաջանալ: Քաղցկեղին վերաբերվող հարցերը դեռ, ցավոք, միանշանակ պատասխաններ չունեն։ NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է երեք հայ օնկոլոգների հետ՝ քաղցկեղի վիրահատական բուժման եւ դրա ռիսկերի մասին:

Քաղցկեղի վերածված խալերի հետ պետք է շատ զգույշ լինել

Այնպիսի ուռուցքներ, որոնք վիրահատությունից հետո տարածվում եւ ավելի ագրեսիվ են դառնում, շատ հազվադեպ են լինում, բայց այդպիսի բան հնարավոր է, ասաց ուռուցքաբան Արմեն Մխիթարյանը:

Նրա կարծիքով՝ վիրահատությունը որպես այդպիսին ուռուցքի չարորակացման գործոն չի հանդիսանում եւ սովորաբար չի կարող նպաստել դրա տարածմանը։ Բայց կան ուռուցքների տեսակներ, որոնց հետ պետք է ծայրահեղ զգույշ լինել: 

«Եթե, օրինակ, դա մաշկի խալից առաջացած ուռուցք է, մելանոմա, այն չի կարելի բզել, կտրել, քերել, փորփրել, կամ նույնիսկ ասեղով պունկցիա անել: Այդ ուռուցքը անմիջապես պետք է հեռացնել՝ անկախ այն բանից, թե ինչ չափսի է այն եւ այլն։ Այդ տեսակի ուռուցքները շատ զգայուն են ցանկացած միջամտությունների նկատմամբ», - ասաց Մխիթարյանը։

Բոլոր այլ դեպքերում, ուռուցքաբանի կարծիքով, եթե բիոպսիան հաստատում է, որ կա չարորակ ուռուցք, պետք է անմիջապես բուժում սկսել, հակառակ դեպքում այն ագրեսիվ աճ կտա։

Երբեմն նախընտրելի է քիմիան կամ ճառագայթային թերապիան

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանի կարծիքով, որոշ դեպքերում նախընտրելի է վիրահատական միջոցի չդիմել եւ հիվանդին քիմիաթերապիայի կամ ճառագայթային թերապիայի օգնությամբ բուժել:

«Կան քաղցկեղի տեսակներ, օրինակ, թոքի քաղցկեղի մի տեսակ, որի ժամանակ մենք նախընտրում ենք քիմիաթերապիա։ Օրինակ, կոկորդի, կերակրափողի վերին երրորդականի քաղցկեղի դեպքում վիրահատական բուժման եւ ճառագայթային բուժման ժամանակ արդյությավետությունն ու ապրելիության ցուցանիշները գրեթե նույնն են։ Բայց վիրահատական բուժումն ունի մեծ ռիսկային գործոններ, իսկ ճառագայթայինը՝ ոչ, այդ պատճառով, քանի որ արդյունավետությունը նույնն է, նախապատվությունը տրվում է ճառագայթային բուժմանը», - ասաց ուռուցքաբանը։

Նա նաեւ հավելեց, որ կան քաղցկեղի ձեւեր, որոնք կոչվում են բորբոքային, այտուցային ձեւեր, եւ նրանց դեպքերում նպատակահարմար չէ վիրահատել, քանի որ վիրահատությունը կարող է նպաստել ուռուցքային բջիջների տարածմանը։

«Դա կապված է փորձի հետ։ Մեր մասնագետները գիտեն, որ նման դեպքերում հարկավոր է անցկացնել քիմիաթերապիա, հետո նոր անցնել վիրահատական բուժման», - ասաց Հայրապետ Գալստյանը:

Գրագետ մոտեցման դեպքում ռիսկեր չկան

Գիստոլոգիան ուռուցքաբանության մեջ պարտադրի պայման է, եւ առանց ուռուցքին դանակ դիպչելու չի կարող նորմալ եւ վստահելի դիագնոստիկա լինել, կարծում է Արյունաբանության եւ ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախագահ, ուռուցքաբան-արյունաբան Սամվել Դանիելյանը։

Նրա կարծիքով՝ եթե վիրահատությունը գրագետ կատարվի եւ բջիջների անտեղի արտահոսք դեպի այլ հյուսվածքներ չլինի, պացիենտը ոչ մի խնդիր չի ունենա։ «Եթե վիրահատությունը անում է գրագետ մասնագետ, նա շատ լավ գիտի բոլոր այդ սկզբունքները», - ասաց նա:

Այս ամենից կարելի է մեկ հետեւություն անել՝ շատ կարեւոր է գրագետ մասնագետի դիմելը՝ ոչ միայն ուռուցքի առկայության դեպքում, այլեւ ցանկացած այլ հարցով: Լավ միտք է նաեւ քաղցկեզի բուժման մուլտիդիսցիպլինար մոտեցումը, որն այսօր մեծ ժողովրդականություն է վայելում զարգացած երկրներում. երբ մեկ հիվանդով մի քանի մասնագետ է զբաղվում, նվազում է սխալ որոշումների հավանականությունը եւ բուժումն ավելի արդյունավետ է լինում: