Ծովափ գնալիս խորհուրդ է տրվում ունենալ երկու արեւապաշտպան միջոց, ասում է մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանը:
Առաջին միջոցը՝ ավելի ուժեղը, հանգստի սկզբում կպաշտպանի դեռ սպիտակ մաշկը այրվածքներից, իսկ երկրորդը որոշ ժամանակ անց կօգնի գեղեցիկ արեւայրուք ստանալ:
«Սկզբնական շրջանում, քանի դեռ մաշկը արեւայրուք չի ստացել, խորհուրդ է տրվում ունենալ արեւապաշտպան միջոց՝ լավ արտահայտված արեւապաշտպան հատկություններով», - ասաց մաշկաբանը NEWS.am Medicine-ի թղթակցին:
Նրա խոսքով՝ հանգստի առաջին օրերի համար պետք է ընտրել բարձր արեւապաշտպան ցուցիչով (Sun Protection Factor, SPF) միջոց: Այդ ցուցիչը (որն ի դեպ նշվում է ցանկացած արեւապաշտպան միջոցի տուփին) առնվազն 30-ից մինչեւ 50 պետք է լինի՝ կախված մաշկի «բնական» գունավորումից. համեմատաբար մուգ մաշկ ունեցողները կարող են օգտագործել միջոցներ, որոնց ցուցիչը 30 է, իսկ բաց գույնի մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում 40 կամ 50 ցուցիչով միջոց ընտրել:
Մի քանի օր անց, երբ մաշկը կսովորի արեւին, կարելի է ցուցիչը նվազեցնել մինչեւ 5-15՝ կրկին կախված մաշկի գունավորումից: Արեւապաշտպան միջոց ընտրելիս Կարեն Վարդանյանը խորհուրդ է տալիս նաեւ ուշադրություն դարձնել այն բանին, ջրակայուն է այն թե ոչ, եւ որքան հաճախ է այն պետք թարմացնել:
Այս խորհուրդները կօգնեն Ձեզ վայելել ծովափնյա հանգիստը եւ գեղեցիկ արեւայրուք ստանալ՝ զերծ մնալով տհաճ այրվածքներից:
Սակայն ոչ գրագետ արեւայրուք ստանալու պարագայում կարող են մի շարք խնդիրներ առաջանալ, զգուշացնում է մաշկաբանը: Առավել զգույշ պետք է լինեն քրոնիկ մաշկային խնդիրներ ունեցող մարդիկ, քանի որ բոլոր նրանց խնդիրները կարող են սրվել կլիմայի փոփոխության եւ արեւի ազդեցության պատճառով:
Կարեն Վարդանյանի խոսքով՝ ցանկացած խալ, որի բնույթը բացահայտված չէ, հարկավոր է պաշտպանել արեւից, հակառակ դեպքում ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են շատ տհաճ խնդիրներ առաջացնել:
Վիտիլիգու (հիվանդություն, որի ժամանակ մաշկի որոշ հատվածներում չկան պիգմենտներ՝ այդ հատվածները սովորաբար շատ ավելի սպիտակ են լինում) ունեցողներին խորհուրդ է տրվում առավել զգույշ լինել, քանի որ մաշկի այն հատվածները, որտեղ պիգմենտացիան բացակայում է, շատ ավելի զգայուն են եւ կարող են շատ արագ արեւային այրվածք ստանալ:






