Դեղագործները կրթված եւ ինտելիգենտ մարդիկ են։ Նրանք շատ լավ հասկանում են, որ ապագան բիոտեխնոլոգիաներինն է։ Լինելով գործարարներ՝ նրանք նաեւ շատ լավ գիտակցում են, որ պետք է ժամանակին համընթաց քայլել եւ ստեծել նոր դեղամիջոցներ՝ դեղագործության բնագավառում մրցունակ լինելու համար։  Չէ՞ որ այժմ ամեն օր մի նոր դեղորայք է ստեղծվում։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք մասնավոր սեկտորի ներկայացուցիչները կհամաձայնեն ֆինանսավորել բիոտեխնոլոգիաների բնագավառը՝ հաշվի առնելով այն, որ այդ գործընթացը չի կարող արագ եկամուտներ բերել։

Բայց այն հարցին, թե Հայաստանը պատրաստ է բիոտեխնոլոգիաների զարգացմանը, Սամվել Զաքարյանը նշեց, որ Հայաստանի համար, կարելի է ասել, այն եւ հին, եւ նոր ոլորտ է։ ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում շատ գիտահետազոտական ինստիտուտներ են եղել, որոնք 90-ականների վերջին սառեցվել են։ Բայց այժմ եւ մասնավոր սեկտորը, եւ դեղագործները, եւ պետությունը պետք է հասկանան, որ շատ բիոտեխնոլոգիական ծրագրերի հիմքն այսօր  դնելը շատ կարեւոր է։  «Այսօր մենք կատարեցինք Հայաստանում այս գիտության զարգացման առաջին քայլը՝ հարթակ ստեղծելով աշխարհի լավագույն բիոտեխնոլոգիական լաբորատորիաների այս ոլորտում հայտնի բոլոր հայերի միավորման համար։ Հայկական դեղագործությունը արդեն սկսել է զարգանալ եւ վերջին տարիներին բավականին մեծ հաջողություններ է ունեցել։ Կարծում են, որ բիոտեխնոլոգիաները շատ հատուկ են Հայաստանին։ Բավարար է ասել, որ  ամերիկյան բիոտեխնոլոգիական 30 առաջատար լաբորատորիաների ղեկավարները հայեր են. չհաշված Եվրոպան»,-ասաց նա։

Հենց այդ պատճառով արդեն մյուս տարի, հնարավոր է, որ ստեղծվի Հայ բիոտեխնոլոգների միջազգային ասոցիացիան, որտեղ կներգրավվեն այս ոլորտի միջազգային մասշտաբի  լավագույն հայ մասնագետները։