Դեղերի զուգահեռ ներմուծմամբ զբաղվել ցանկացող անձը կամ ընկերությունը այժմ զուգահեռ ներմուծման իրավունքի ստացման նոր կարգի համաձայն կարող է նախապես պարզել՝ կարելի է արդյոք դա անել: Կառավարության նիստին ելույթի ժամանակ այս մաիսն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ այսօր քննարկվող կառավարության որոշումների նախագծերից մեկում սահմանված է դեղերի զուգահեռ ներմուծման իրավունքի ստացման նոր կարգը, որի համաձայն ներմուծման մանրամասները կարելի է պարզել մինչեւ ներմուծումը: Սա, ըստ նախարարի, շատ կարեւոր նորարարություն է, որը ներմուծողներին կպաշտպանի խնդիրների առաջացումից արդեն այն ժամանակ, երբ ապրանքն Հայաստան կհասնի:
Փետրվարի 28-ին առողջապահության նախարարը կառավարության նիստին ներկայացրեց «Դեղերի մասին օրենքին» հարակից ենթաօրենսդրական ակտերի նախագծեր: Այդ նախագծերի մի մասն արդեն ընդունվել է, իսկ 8-ը ընդունվեցին արդեն այսօր: Նախագծերի մի մասը կառավարության արդեն գործող որոշումների փոփոխված տարբերակներն են, որոնք վերանայվելուց եւ որոշակի փոփոխությունների ենթարկվելուց հետո համապատասխանում են գործող «Դեղերի մասին օրենքին»:
Կառավարության որոշումների նոր նախագծերը կարգավորում են ԵՏՄ եւ այլ երկրներից դեղերի եւ դեղերի հումքի ներկրման եւ արտահանման ոլորտը, ինչպես նաեւ մատնանշում են այդ գործողությունների համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Կրճատվել է դեղերի ներմուծման եւ գրանցման համար նախատեսված լաբորատոր փորձաքնությունների անցկացման փուլը. դեղերի որակի համար ներմուծողի պատասխանատվության շրջանակն ընդլայնվել է, եւ այժմ ներկրողն անձամբ կարող է որոշել՝ արդյոք նպատակահարմար է փորձաքննության անցկացումը, եւ եթե այո, ապա ով եւ ինչպես պետք է այն իրականացնի:
Բացի այդ, նոր նախագծերում նկարագրված է Հայաստանում չգրանցված դեղերի ներմուծման իրավունքը ստանալու կարգը, որոնք անհրաժեշտ են կոնկրետ հիվանդի բուժման համար:
Մյուս կարեւոր որոշումը կապված է նաեւ դեղերի գրանցման եւ ներմուծման վճարների հետ: Գները նվազել են (օրինակ կրկին արտադրվող դեղերի համար՝ 500.000 դրամ, երկրորդ գրանցման համար 250.000 դրամ` նախորդ 900.000 դրամի փոխարեն), ինչը թույլ կտա թեթեւացնել դեղեր ներմուծողների ֆինանսական բեռը եւ հնարավորություն կտա մեծ թվով դեղանուններ գրանցել:






