Գաղտնիք չէ, որ լավ քնելը նպաստում է ուղեղի աշխատանքին եւ բարելավում հիշողությունը. սա արդեն վաղուց ուսումնասիրված երեւույթ է։ Բայց թե ինչպես է քնելն ուղղակիորեն ազդում ուղեղի նյարդային հանգույցների վրա, մինչեւ վերջերս ապացուցված չէր։ Science ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը ներկայացնում է հստակ ապացույցներ, որոնք հաստատել են, որ քնելն օգնում է ամրապնդել եւ ավելի ամրացնել մեր հիշողությունը, հայտնում է Daily Mail-ը։

«Մենք վաղուց արդեն գիտենք, որ քնելը շատ կարեւոր է հիշողության եւ կրթության համար։ Եթե Դուք գիշերը լավ եք քնում, հետեւաբար ավելի լավ եք սովորում եւ տեղեկատվությունը յուրացնում։ Այս հետազոտությամբ մենք ցույց ենք տվել, թե ինչպես է քունը օգնում նեյրոններին կապեր հաստատել դենդրիտային ճյուղերի հետ, ինչը կարող է նպաստել երկարաժամկետ հիշողությանը», - ասել է պրոֆեսոր Ուեն-Բիաո Գենը Նյու Յորքի համալսարանից։

Հետազոտությունը կատարվել է մկների վրա, որոնց բաժանել է երկու խմբի՝ մկներ, որոնք քնել են 7 ժամ, եւ մկներ, որոնք արթուն են մնացել։ Նրանք բացահայտել են, որ սովորելը նպաստում է դենդրիտային նոր ելուստերի առաջացմանը. դենդրիտը նեյրոնի կարճ, ճյուղավորված, նյարդային իմպուլսները նեյրոնի մարմնին փոխադրող ցիտոպլազմայի ելուստ է: Քնի պակաս ունեցող մկները ավելի քիչ դենդրիտային ելուստներ են ձեւավորել, քան հանգսատացած մկները։

«Հիմա, երբ մենք մի նոր բան ենք սովորում, նեյրոնը մի նոր կապ է հաստատում դենդրիտիկ ելուստների հետ», - ասել է դոկտոր Գենը։

Հետազոտությունը նաեւ պարզել է, որ քիչ քնելը կարող է նպաստել աչքի մեջ վնասակար սպիտակուցների առաջացմանը, ինչը կարող է բարձրացնել Ալցհեյմերի հիվանդության առաջացման հավանականությունը։