Ամեն երկրորդ հայ տառապում է անքնությամբ, եւ դա լուրջ խնդիր է, չէ՞ որ քնի պակասը, ինչպես պնդում է նյարդաբան եւ քնաբան Սամսոն Խաչատրյանը, կարող է հանգեցնել մի ամբողջ շարք հետեւանքների։
Առաջին հերթին, անբավարար քնի պատճառով տառապում է նյութափոխանակությունը. մեծանում է ճարպակալման վտանգը, բարձրանում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, կարող են ի հայտ գալ հորմոնալ խախտումներ՝ բոլոր հետեւանքներով։ Ավելին, քնի պակասը մեծացնում է հիպերտոնիայի եւ սրտանոթային հիվանդությունների ռիկսը։
Լավ չքնող մարդու իմացական գործառույթները նույնպես տուժում են, ավելին՝ համաձայն որոշ հետազոտությունների՝ մեծանում է դեմենցիայի զարգացման վտանգը։
Ինչպե՞ս կարելի է կարգի բերել քունը։
Նյարդաբան Լուսինե Վադանյանը մի քանի խորհուրդ է տվել.
- Փորձեք քնել եւ արթնանալ նույն ժամանակում, ամեն օր, նաեւ հանգստյան օրերին։
- Փորձեք քնին հատկացնել ոչ պակաս, քան օրը 7 ժամ։
- Փորձեք երեկոյան չխմել էներգետիկ ըմպելիքներ, այդ թվում եւ կոֆեին պարունակող. դրանց թվին են պատկանում սուրճն ու թեյը։
- Փորձեք չընթրել ուշ երեկոյան։
- Մի խմեք ալկոհոլային խմիչքներ քնելուց առաջ։
- Փորձեք լինել ֆիզիկապես ակտիվ օրվա ընթացքում, բայց ոչ երեկոյան։
- Քնելուց առաջ հեռուստացույց մի նայեք։ Ավելին, խորհուրդ չի տրվում նաեւ նայել հեռախոսի կամ համակարգչի էկրանին։ Բանն այն է, որ էկրանների լույսը վատթարացնում է քնի որակը գիշերը։
- Եթե չի հաջողվում քնել, չարժե երկար պառկած մնալ անկողնում։ Ավելի լավ է վեր կենալ, ինչ-որ բանով զբաղվել, մինչեւ որ ցանկանաք քնել։
Մասնագետների խոսքով՝ քնի հետ կապված շատ խնդիրներ կարելի է լուծել՝ պարզապես հետեւելով այս պարզ խորհուրդներին։ Բայց եթե անքնությունն արդեն շարունակվում է որոշ ժամանակ եւ վերոնշյալ խորհուրդները չեն օգնում, ավելի լավ է չուշացնել այցը բժշկին։






