Երբ մենք առավոտյան արթնանում ենք եւ արագ հագնվում՝ աշխատանքից չուշանալու համար, մենք միշտ խոհանոցում ինչ-որ թեթեւ եւ օգտակար սնունդ ենք փնտրում՝ ձեռքի հետ ուտելու համար։ Fox News հեռուստաալիքը խնդրել է դիետոլոգներին, խոհարարներին եւ բլոգերներին ընթերցողների հետ կիսվել, թե սառնարանում, ձեռքի տակ ինչ մթերքներ կարելի է ունենալ։
Ձիթապտղի յուղ
Ձիթապտղի յուղն այն հիմնական պատճառներից մեկն է, որի շնորհիվ միջերկրածովյան դիետան համարվում է ամենաառողջարարներից մեկը։ Բայց մի չարաշահեք այն։ Թեպետ դա օգտակար ճարպ է, մեկ ճաշի գդալ յուղը պարունակում է 120 կալորիա։
Լոս Անջելեսից ավագ խոհարար Հոլի Հորվեթը խորհուրդ է տվել գնել սառը զտման ձիթապտղի յուղ հաճելի համ հաղորդելու համար։
Ոչ յուղալի հունական յոգուրտ
6 ունցիա (մեկ չափաբաժին) հունական յոգուրտը պարունակում է 18 գր. սպիտակուց։ Չնայած համի տեսակետից այն ճարպոտ եւ սերուցքային է, բայց ընդամենը 100 կալորիա է պարունակում։
Հունական յոգուրտը կարող է հրաշալի փոխարինել մայոնեզին եւ թթվասերին, ասել է A La Maison ընկերության ավագ խոհարար Մելիսա Վիեզորեկը։
Պահածոյացված ձիթապտուղ
Պահածոյացված ձիթապտուղը բավականին երկար է պահպանվում, եւ այն կարելի է ավելացնել տարբեր ուտեստների մեջ, ընդ որում ձիթապտուղը պարունակում է մոնոչհագեցած ճարպեր, որոնք օգտակար են սիրտ-անոթային համակարգի համար։
«Ձիթապտուղը կարող է բավարարել աղի մթերքների հանդեպ ունեցած Ձեր պահանջը։ Բայց դրանք չեն առաջացնի ճարպային շերտավորում, ինչպես կրեկերները»,-ասել է դիետոլոգ Ջեննա Բրեդոկը։
Մեղր
Մեղրը երկար տարիներ կարող եք պահել պահարանում։ Եվ բացի այն, որ մեղրը ունիվերսալ քաղցրեցուցիչ է, այն կարող է նաեւ օգտագործվել որպես դեղամիջոց խումհարի, հազի եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։
Քաղցրացրեք տնական մարինադները եւ աղցանների համար նախատեսված համեմունքները։ Բրեդոկը նաեւ սիրում է մեղրն ավելացնել ամբողջական հատիկեղենից պատրաստված թխվածքների մեջ։
Լոբազգիներ
Լոբին սպիտակուցի եւ բջջանյութի հիանալի աղբյուր է. օրինակ, մեկ բաժակ սիսեռը պարունակում է մի ամբողջ 15 գր. սպիտակուց եւ 12 գր. բջջանյութ։
Կվինոա
Մեկ բաժակ պատրաստի կվինոայի մեջ առկա է 8գր. սպիտակուց եւ 5գր. բջջանյութ ու ընդամենը 322 կալորիա։ Բացի այդ, կվինոան հարուստ է նաեւ երկաթով եւ վիտամիններով։ Ավագ խոհարար, դիետոլոգ Էլիսոն Սթիվենսը սիրում է կվինոան, որովհետեւ այն նաեւ շատ հեշտ եւ արագ է (15 րոպեում) պատրաստվում:
Ձու
Մեկ ձուն հարուստ է 6գր. հագեցած սպիտակուցով եւ ընդամենը 70 կալորիա է պարունակում։ Մի հետազոտություն ցույց է տվել, որ ավելորդ քաշ ունեցող կանայք, ովքեր նախճաշին ձու են կերել, երկու անգամ ավել քաշ են կորցրել, քան նրանք, ովքեր իրենց առավոտը սկսել են թխվածքով։
Ծովի աղ
Չնայած Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները (CDC) խորհուրդ են տվել սահմանափակել աղի օգտագործումը, նատրիումի պակասը հաճախ խնդիրներ է առաջացնում պատրաստի եւ վերամշակված մթերքներում, բայց ոչ Ձեր պատրաստած սննդում։
Սովորական աղի փոխարեն օգտագործեք ծովի աղ, քանի որ այն ավելի շատ հանքային աղեր է պարունակում, քան սովորականը։
Լոլիկի մածուկ
Լոլիկը՝ հատկապես լոլիկի մածուկը, լի է հակաքաղցկեղային նյութերով՝ լիկոպենով։
Բանան
Բանանը տնտեսող է, հասանելի ողջ տարվա ընթացքում եւ կարելի է ավելացնել կոկտեյլի կամ յոգուրտի մեջ, ասել է Բրեդոկը։
Թարմ կանաչի
Կանաչին իր փոքրիկ տերեւներում մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում։ Բացի այդ, կանաչին հիանալի բույր է հաղորդում յուրաքանչյուր ճաշատեսակի։
Շոկոլադ
Մուգ շոկոլադը լի է պոլիֆենոլներով, որոնք հզոր միջոց են հիվանդությունների դեմ պայքարելու համար եւ անգամ նպաստում են նիհարելուն։
Սխտոր
«Սխտորը շատ արագ եւ հեշտությամբ Ձեր պատրաստած ուտեստին հաճելի բույր կհաղորդի՝ առանց վնասակար ճարպերի կամ վերամշակված բաղադրիչների»,-ասել է Նորվեթը։
Սառեցված ծովախեցգետին
Չորս մեծ ծովախեցգետինը պարունակում է 30 կալորիա եւ գրեթե զրոյական ճարպ։ Ծովախեցգետինը նաեւ մեծ քանակությամբ սպիտակուց է պարունակում։
Գնեք մաքրած ծովախեցգետին, որպեսզի դրանց սառեցումը եւ պատրաստումը ավելի հեշտ լինի։
Մանանեխ
Այս համեմունքը հարուստ է իմունախթան հանքային աղերով՝ սելենով եւ քրքումինով։
Նորվեթը խորհուրդ է տվել սառնարանում մի քանի տեսակ մանանեխ ունենալ. Դիժոն՝ աղցաններին, սոուսներին, մարինադներին ավելացնելու, հավի ու խոզի միսը համեմելու համար։ Եվ սովորական մանանեխ՝ բուտերբրոդների համար։
Քացախ
Այս մթերքը շատ ունիվերսալ է, ասել է Բրեդոկը։ Բացի այդ, այն օգտակար է սրտի համար. «Քացախը օգնում է բացել արյունատար անոթները՝ բարելավելով արյան շրջանառությունը։
Վարսակաշիլա
Վարսակաշիլան նվազեցնում է օրգանիզմում առկա վնասակար խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, այն օգնում է զսպել ախորժակը՝ ըստ նոր մի հետազոտության։
Պրովանսի խոտաբույսեր
Այս չորացրած խոտաբույսերը վաճառվում են խանութներում եւ սուպերմարկետներում։ Դրա բաղադրության մեջ ներառված են ուրց, ռոզմարին, ռեհան, մաղադանոս, օրեգանո, թարխուն, սուսամբար եւ նարդոս։ Խոտաբույսերը հաճելի համ են հաղորդում յուրաքանչյուր ուտեստի։
Խորանարդիկներ արգանակի համար
Խորանարդիկները կարող եք պահել պահարանում բավականին երկար ժամանակ։ Բացի այդ, դրանք քիչ կալորիա են պարունակում. մեկ բաժակում առկա է ընդամենը 38 կալորիա եւ 5գր. սպիտակուց։
Լինի դա հավի, տավարի միս թե բանջարեղեն, Սթիվենսը ավելացնում է այս խորանարդիկները՝ ապուրներ եւ շոգեխաշած ուտեստներ պատրաստելու համար։ Արգանակը նաեւ փոխարինում է յուղին բանջարեղենը շոգեխաշելու ժամանակ։ Ավելացած արգանակը պահեք սառնարանում՝ հասանելի մի տեղում։ Սթիվենը խորհուրդ է տվել, արգանակ գնելիս կարդալ բաղադրիչների ցանկը եւ խուսափել շաքարային հավելումներ եւ կարամելի գունավորում ունեցող արգանակներից։ Եթե հնարավոր է, գնեք քիչ քանակությամբ նատրիում պարունակող խորանարդիկներ։
Աղացած հավի կամ հնդկահավի միս
Աղացած հավի միսը ավելի քիչ հագեցած ճարպեր է պարունակում, քան աղացած տավարի միսը։ Աղացած մսով կարելի է պատրաստել տապակած միս, մսային սոուսներ, տակո, էնչիլադաս, մսով լցոնված պղպեղ կամ մսի խավարտով բրնձով փլավ։






