Հայաստանում պետք է փոխել հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ հասարակության մտածելակերպն ու վերաբերմունքը, որ նրանք կարողանան դառնալ հասարակության լիարժեք անդամը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նախագահի կինը՝ Նունե Սարգսյանը:
Նրա խոսքով՝ երբ երեխա էր, հասակակիցների հետ շատ էր զարմանում հաշմանդամ մարդ տեսնելիս: Այդ մարդիկ իրենցից տարբերվում էին, եւ իրենք այդպիսի մարդկանց չափազանց հազվադեպ էին տեսնում, քանի որ ընտանիքները նրանց թաքցնում էին: Սակայն հիմա հասարակության մեջ շատ բան է փոխվել:
«Երբ թոռներս հաշմանդամություն ունեցող երեխայի են տեսնում, մոտ են վազում, փորձում են օգնել, եւ սա նրանց համար միանգամայն նորմալ բան է, քանի որ նրանց աչքերը վարժվել են տեսնել այսպիսի մարդկանց, դրանից բացի՝ նրանք այլ դաստիարակություն են ստացել: Դե նաեւ, հիմա արդեն հաշմանդամություն ունեցող մարդկանց չեն թաքցնում: Մենք սկսել ենք հասկանալ, որ հաշմանդամություն ունեցող երեխաները, դեռահասները եւ մեծահասակները մեր հասարակության մի մասն են»,- ասաց Նունե Սարգսյանը:
Այսօր՝ ապրիլի 2-ին, Հայաստանի նախագահի կինն այցելել է հաշմանդամություն ունեցող երեխաների «Լուսե» վերականգնողական կենտրոն, որին աջակցում է «Երեւան, իմ սեր» հիմնադրամը:
Կենտրոնի տնօրեն Գոհար Գալստյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ այստեղ աշխատում են ոչ միայն աուտիզմով երեխաների հետ, այլեւ մանկական ուղեղային կաթվածով, վարքագծային եւ այլ խնդիրներով երեխաների հետ: Յուրաքանչյուր երեխայի հետ 3 ամիս աշխատում են անհատական ծրագրով՝ նրան տալով այն, ինչի կարիքն ամենից շատ ունի. մեկին սովորեցնում են կատարել պարզ բաներ, օրինակ՝ ատամները լվանալ, մյուսները ֆիզիոթերապիայի, արթ-թերապիայի, պարային կամ էրգո-թերապիայի կարիք ունեն: Կենտրոնը յուրաքանչյուր եռամսյակ այս ծառայություններն անվճար մատուցում է 50-60 երեխայի, որից հետո կուրսի ավարտին նրանք կարող են ցանկության դեպքում հաճախել խմբակների պարապմունքների, որոնք նրանց կօգնեն պահպանել ձեռք բերած հմտությունները եւ գիտելիքները:
Նախագահի կինն այցելեց սենյակները, որտեղ մասնագետները զբաղվում էին երեխաների հետ, եւ ծանոթացավ նրանցից շատերի հետ:
Նունե Սարգսյանը նշեց, որ ինքը հաշմանադամության խնդրին լսելով չէ տեղյակ. ինչ-որ ժամանակ նա ինքն էլ երկար ժամանակ չի կարողացել քայլել, իսկ երբ վերաջապես ոտքի է կանգնել, սկսել է ամեն օր մտովի շնորհակալություն հայտնել իր ոտքերին:
«Լավ է առողջ լինելը: Բայց մենք՝ առողջ մարդիկ, մեր առողջությունն ընկալում ենք որպես երկնքից անվճար նվեր՝ չմտածելով այն մասին, որ անհրաժեշտ է սեփական առողջությանը հոգ տանել»,- ասաց նախագահի կինը:
Նրա խոսքով՝ մարդիկ, որոնք առողջական խնդիրներ չունեն, պետք է օգնեն նրանց, ում մոտ նման խնդիրներ կան: Բժիշկները նրանց օգնում են դեղերով, բուժմամբ, բարեգործական հիմնադրամները, ինչպես «Երեւան, իմ սեր»-ը՝ համանման ծրագրերով: Հասարակությունն, իր հերթին, պետք է հնարավոր ամեն ինչ անի՝ այս մարդկանց ընդգրկելով իր կյանքի մեջ, նրանց չվանելով:
Ճիշտ է, որպեսզի մեր հասարակությունը եւ մեր երկիրն իրավամբ ինկլյուզիվ դառնան, դեռեւս շատ բան պետք է անել: Առաջին տիկինը հույս ունի, որ մի օր մենք կկարողանանք ասել, որ մեր երկիրը, մեր քաղաքը հարմար է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:
Իսկ մինչ այդ, «Լուսե» վերականգնողական կենտրոնում տարբեր միջացառումներ են կազմակերպում ոչ միայն հաշմանդամություն ունեցող երեխաների եւ նրանց ծնողների համար, այլեւ առողջ երեխաների, ինչպես նաեւ տարեցների համար: Նունե Սարգսյանի խոսքով՝ նման միջոցառումներն օգտակար են բոլորի համար. հաշմանդամություն ունեցող երեխաներն իրեն լիարժեք են զգում, տարեց մարդիկ իրենց կարեւոր են զգում, իսկ առողջ երեխաների մոտ մտածելու առիթ է առաջանում. «Մենք առողջ ենք, իսկ նրանք՝ ոչ: Օգնենք նրանց»:






