Ապրիլի 2-ին Հայաստանի նախագահի կինը՝ Նունե Սարգսյանը, այցելել է աուտիզմով երեխաների համար նախատեսված «Իմ ճանապարհը» ուսումնա-վերականգնողական ցերեկային կենտրոն: Նա ծանոթացել է կենտրոնի աշխատանքին, ինչպես նաեւ նրա սաների ձեռքբերումներին, որոնցից ոմանք նկարում են, երգում եւ երաժշտություն գրում: Բացի այդ, Արմեն Սարգսյանի տիկինը աուտիզմով հիվանդ երեխայի հետ սեղանի թենիս է խաղացել:

Կենտրոնը տպավորիչ պատմություն ունի: 2006 թվականին աուտիզմով երեխաների մի քանի մայրեր հիմնադրել են փոքրիկ կենտրոն, որտեղ անհրաժեշտ թերապիա էր ստանում 6 սան: Կենտրոնն աստիճանաբար ընդլայնվել է՝ իր գործունեությունը իրականացնելով նախ վարձած բնակարանում, հետո՝ մասնավոր տան մեջ, այնուհետեւ բարեգործների օգնության շնորհիվ այն կարողացել է տեղափոխվել ավելի ընդարձակ տարածք: Այդ ժամանակ կենտրոնի հոգածության ներքո էին ընդամենը 20 սաներ, իսկ եւս 60 աուտիզմով հիվանդներ տանն էին խորհրդատվություն ու թերապիա ստանում:

Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության նախաձեռնությամբ 2012 թվականին հիմնադրվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամը, իսկ մեկ տարի հետո կենտրոնը սկսել է ֆինանսավորվել պետական բյուջեից: Դրա շնորհիվ 2013 թվականից կենտրոնի ծառայություններն անվճար են մատուցվում: 2015-ին «Իմ ճանապարհը», վերջապես, իր տունն է ձեռք բերել՝ շենքը տրամադրել է Երեւանի քաղաքապետարանը:

«Աուտիզմ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ Սոնա Պետրոսյանը լրագրողներին հայտնեց, որ այսօրվա դրությամբ՝ կենտրոնում կան 182 սաներ եւ 74 աշխատակիցներ, որոնք երեք հերթափոխով են աշխատում: Աուտիզմով երեխաները, դեռահասները եւ երիտասարդները ստանում են արթ-թերապիա, սպորտ-թերապիա, երաժշտական թերապիա: «Հնարավոր չէ աուտիզմն ամբողջությամբ բուժել, սակայն հատուկ թերապիան թույլ է տալիս զգալի արդյունքների հասնել, հատկապես եթե սկսում են պատանի հասակից»,- նշում է Պետրոսյանը:

Կենտրոնի կարեւորագույն բաղադրիկչներից մեկը երեխաների սոցիալացման ծրագրերն են: «Հատուկ ուշադրություն է հատկացվում երեխաների հետ անհատական աշխատանքին, որը ծնողների հետ է համաձայնեցվում: Կատարված աշխատանքի շնորհիվ մեր սաների որոշակի տոկոսը հաճախում է ինկլյուզիվ դպրոցներ»,- հավելեց նա:

Այսօրվա դրությամբ՝ Հայաստանում աուտիզմով քանի՞ հիվանդ է ապրում:

Ստույգ վիճակագրություն չկա, քանի որ ոչ բոլոր ծնողներն են հասկանում, որ իրենց երեխայի «արտասովորությունը» կարող է կապված լինել աուտիզմի հետ: Այսպիսով, արդյունքում ոչ բոլոր աուտիստներն են պաշտոնապես գրանցվում: «Մեր հաշվարկներով՝ Հայաստանում բնակվում է շուրջ 8 հազար աուտիստ: Կարելի է ասել, որ այսօր յուրաքանչյուր 58-րդ երեխայի մոտ աուտիզմ է ախտորոշվում, մինչդեռ 2012 թվականին՝ յուրաքանչյուր 150-րդ: 20 տարի առաջ գրանցվել է 10 հազարին մեկ դեպք: Տարբեր երկրների վիճակագրությունը միմյանցից շատ չի տարբերվում, այսինքն՝ աուտիզմը կապված չէ ազգությունից կամ բնակության երկրից»,- ասաց Պետրոսյանը:

Աուտիկ սպեկտրի խանգարումները ուղեղի զարգացման բարդ խանգարումների խումբ են: Ընդհանուր տերմինը ընդգրկում է այնպիսի վիճակները, ինչպիսին են աուտիզմը եւ Ասպերգերի համախտանշը: Նման խանգարումներին հատուկ են դժվարությունները սոցիալական փոխգործակցության եւ հաղորդակցության ոլորտում, ինչպես նաեւ հետաքրքրությունների եւ զբաղմունքների սահմանափակ ու կրկնվող շրջանակը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ 160 երեխայից մեկը աուտիկ սպեկտրի որեւէ խանգարում ունի: Երեխաների մոտ մինչեւ 12-ամսականը այս խանգարումը հայտնաբերելը դժվար է, բայց 2 տարեկանում սովորաբար հնարավոր է: Հատկանշական գծերից են խոսքի եւ սոցիալական հմտությունների զարգացման հապաղումը կամ ժամանակավոր հետընթացը եւ վարքագծի կրկնվող կարծրատիպային մոդելները:

Ապրիլի 2-ին նշվում է Աուտիզմի խնդրի մասին տեղեկությունների տարածման համաշխարհային օրը: Այն հիմնադրվել է 2007 թվականի նոյեմբերին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի կողմից: