Ճապոնիայի հարավի տաք աղբյուրներում հայտնաբերվել է հսկայական վիրուս, որն ամեոբաներին քար է դարձնում։ Իր արտասովոր հատկության պատճառով այն ստացել է Medusavirus անվանումը՝ ի պատիվ առասպելական Գորգոնա Մեդուզայի։
Medusavirus-ի գենետիկ նյութը պաշտպանված է 2660 սֆերիկ փշերով, որոնց նշանակությունը պարզված չէ։ Բացի այդ, ի տարբերություն գիտությանը հայտնի մնացած վիրուսների, Medusavirus-ն ունի հիստոնների բոլոր հինգ տեսակները։ Հիստոնները կատարում են երկու հիմնական գործառույթ. մասնակցում են ԴՆԹ թելերի փաթեթավորմանը միջուկում, եւ ձեւավորում ռեպլիկացիայի ու ռեպարացիայի էպիգենետիկ կարգավորումը։
Medusavirus-ի առանձնահատկություններից է նաեւ այն, որ ի տարբերություն հսկայական մյուս վիրուսների, այն չի կոդավորում ոչ ՌՆԹ պոլիմերազան, ոչ ԴՆԹ II տոպոիզոմերազան։
Գիտնականները ենթադրում են, որ վիրուսն ունի բազմամիլիոն տարիների պատմություն։ Ամեոբայի՝ վիրուսով վարակվելուց հետո նրա ներսում տեղի է ունենում վիրուսի բազմացում, ինչի արդյունքում որոշ ամեոբաներ սկսում են ձեւավորել հաստ մակերեսային թաղանթ եւ նիրհի մեջ ընկնել, ասյինքն՝ «քարանալ»։
Հետազոտության արդյունքները ներկայացվել են Journal of Virology պարբերականում։






