Բրիտանացի Միլի Բարքեր անունով մի աղջնակ տառապում է գենետիկ մի հազվադեպ հիվանդությամբ, որի արդյունքում նրա մարմնում երկրորդ կմախք է աճում։ Եթե հիվանդությունը շարունակի զարգանալ, ապա մի քանի տարի անց աղջիկը կարող է կորցնել շարժվելու ունակությունը։
Ընդ որում, նրա ուղեղը շարունակում է աշխատել նախկին ռեժիմով։ Այլ կերպ ասած, աղջիկը կպարփակվի սեփական մարմնում եւ կվերածվի կենդանի արձանիկի։ Երեխայի մայրիկը 34 ամյա Լորեյն Թյորները ասել է, որ այժմ Միլին հաճախ է ժպտում եւ սիրում է իր ընկերների հետ խաղալ ու պարել։ Սակայն, ամեն բան՝ անգամ ամենափոքր վնասվածքը, կարող է Միլի ոսկրերի աճի արագությունը ավելի մեծացնել, հայտնում է Mirror-ը։
«Մի կողմից ես ուզում եմ, որ իմ աղջիկը նորմալ մանկություն ունենա, իսկ մյուս կողմից՝ փաթաթել նրան բամբակի մեջ եւ գամել անվասայլակին։ Պատկերարեք, որ ամեն անգամ, երբ ես նրան խնդրում եմ չվազել, հանգստանալ կամ կտրուկ շարժումներ չանել, ինձ մեկ ֆունթ ստերլինգ տային, ապա ես արդեն միլիոններ հավաքած կլինեի»,-ասել է Միլի Բարքերի մայրիկը։
Աղջկա հիվանդությունը կոչվում է զարգացող ֆիբրոդիսպլազիա։ Ամբողջ աշխարհում մոտ 700 մարդ տառապում է այս հիվանդությամբ, որոնցից 40 Բրիտանիայում։ Ֆիբրոդիսպլազիայով տառապող մարդկանց մեծամասնությունը 40 տարեկանը չեն հասցնում բոլորել։ Հիվանդության դեմ պայքարող դեղամիջոց չկա։ Միլիի ընտանիքը ընկերների եւ այլ հայրենակիցների օգնությամբ հավաքել է մոտ 5 հազար ֆունթ ստերլինգ։ Այդ գումարը տվել են Օքսֆորդի համալսարանի գիտաշխատակիցներին՝ այս հիվանդության դեմ միջոցներ ստեղծելու համար։






