Հուրի Գեբեշյանը, որը մարմնամարզիկ է եւ ԱՄՆ-ից հայազգի բժիշկ, Հայաստան է եկել երկու նպատակադրմամբ՝ նպաստել երկրի բնակչության շրջանում առողջ կենսակերպի մշակույթի տարածմանը եւ օգնել զարգացնելու կանանց մարմնամարզությունը:

Հուրի Գեբեշյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ սա Հայաստան իր երրորդ այցն է, եւ ինքը նախատեսում է այստեղ մնալ երեք ամիս, որի ընթացքում կաշխատի երկու ուղղությամբ էլ:

Նրա խոսքով՝ իր համար անչափ կարեւոր է նպաստել Հայաստանում առողջ կենսակերպի ներդրմանը, որպեսզի մարդիկ սկսեն ավելի լավ սնվել, շատ շարժվեն, քիչ ծխեն եւ այս ամենի շնորհիվ ավելի առողջ դառնան: Հենց հիմա առողջ կենսակերպը Հայաստանում մշակույթի մաս չէ, բայց դա, Հուրի Գեբեշյանի կարծիքով, պետք է փոխել՝ երկրում առողջ կենսակերպն ավելի մասայական դարձնելով:

Հուրիի երկրորդ նպատակն է նպաստել Հայաստանում կանանց մարմնամարզության զարգացմանը: Մոտ 10 տարի առաջ նրան հրավիրել էին Հայաստանը ներկայացնելու Օլիմպիական խաղերում, քանի որ բուն Հայաստանում նման մակարդակի մարմնամարզիկներ չկային: Այսօր նույնպես չկան, եւ այս հարցում, Հուրիի կարծիքով, պետք է ինչ-որ բան անել: Նրա խոսքով՝ այս այցի ընթացքում նախատեսում է հանդիպել նախարարների, կառավարության ներկայացուցիչների, պոտենցիալ հովանավորների հետ, որոնք կարող են օգնել երկրում մարմնամարզուհիների լավ դպրոց ստեղծել՝ սեփական ֆինանսավորմամբ, որը կախված չի լինի տղամարդկանց մարմնամարզության ֆինանսավորումից, իր ռեսուրսներով եւ ծրագրով:

Հուրի Գեբեշյանի խոսքով՝ տղամարդկանց եւ տղաների համար կան շատ հնարավորություններ, լավ ծրագրեր, ռեսուրսներ եւ ֆինանսավորում, եւ այս ամենի շնորհիվ հաջողվում է լավ մարմնամարզիկների պատրաստել: Այս պահին աղջիկների համար այս ամենը չկա: Ավելին՝ հայկական մշակույթում այնքան էլ ընդունված չէ, որ կանայք պրոֆեսիոնալ սպորտով զբաղվեն:

«Բայց մենք պետք է ցույց տանք, թե սպորտը որքան լավ է, որքան շատ բան է տալիս, ինչպես է ամրացնում առողջությունը: Սպորտը մարդկանց առաջ շատ նոր հնարավորություններ է բացում, եւ այս բոլոր հնարավորությունները պետք է հասանելի լինեն նաեւ հայ կանանց»,- ասաց Հուրի Գեբեշյանը:

Հիշեցնենք, որ Հուրի Գեբեշյանը 2011 թվականին Հայաստանը ներկայացրել է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում, իսկ 2015 թվականին՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում: Նա մասնակցել է նաեւ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում ամառային օլիմպիական խաղերին:

Հուրի Գեբեշյանը սովորել է Wake Forest School of Medicine-ում, որն ավարտել է 2014 թվականին բժշկական գիտությունների մագիստրոսի աստիճանով: Ներկայումս բժշկի օգնական է աշխատում Օհայո նահանգի Քլիվլենդի կլինիկայում: