Հայաստանը 2025 թվականին պետք է անցնի համընդհանուր ներառական կրթության, սակայն հանրապետությունն այս քայլին արդյոք պատրա՞ստ է: Հենաշարժողական խանգարումներով երեխաների համար նախատեսված Երեւանի թիվ 17 հատուկ դպրոցի տնօրեն Վերգինե Եսայանը հայտնեց, որ այս ճանապարհին միանգամայն զգալի խոչընդոտներ կան:
Մայիսի 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ Եսայանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ՝ համընդհանուր ներառական կրթությանն են միացել Հայաստանի 4 մարզերի դպրոցներ՝ Սյունիքի, Կոտայքի, Տավուշի եւ Արմավիրի: Երեւանում կրթության այս ձեւը կսկսի գործել ընթացիկ տարվա սեպտեմբերից:
Եսայանը, միաժամանակ, ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ նունիսկ մի քանի տարի շարունակ գործող ներառական դպրոցները հաշմասայլակին գամված հաշմանդամներին հասանելի չեն:
«Դպրոցների մուտքի առաջ թեքահարթակներ են կառուցված, սակայն ներսում թեքահարթակներ, ինչպես նաեւ հատուկ վերելակներ չկան»,- նշեց նա: Դրանից բացի, նա կոչ արեց մեծ ուշադրություն դարձնել ուսումնական ծրագրերին, ինչպես նաեւ համապատասխան ուսումնական նյութերով հագեցվածությանը:
Փորձագետին մտահոգում է այն փաստը, որ ներառական կրթության մեջ են ներառված առաջինից իններորդ դասարաններում սովորողները: «Ստացվում է, որ լուծված չեն ներառական նախադպրոցական կրթության հարցերը, ինչպես նաեւ այս կամ այն մասնագիտությամբ դեռահասների ուսուցումը»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ համընդհանուր ներառական կրթությանն անցումը ոչ միայն մեծ ծախսեր է պահանջում, այլեւ հանրության ներկայացուցիչների եւ պետական կառույցների փոխգործակցություն: «Առանց սրա լիակատար հաջողություն չի կարող գրանցվել»,- շեշտեց նա:






