Հայաստանում 2000-ականների սկզբին հիպերտոնիայի հետ կապված իրավիճակը չափից ավելի լուրջ էր, ու հիպերտոնիայով պացիենտների միայն 9 տոկոսն էր արդյունավետ բուժում ստանում: Սրտաբան Պարունակ Զելվեյանը պնդում է, որ մոտ երկու տասնամյակում շատ բան է փոխվել, եւ ըստ 2018 թվականի տվյալների՝ բուժում ստացող պացիենտների 45 տոկոսին հաջողվում է ճնշումը հսկողության տակ պահել՝ 140/99 մմ/սնդիկի սյունից ոչ բարձր:

Մասնագետի խոսքով՝ հիպերտոնիայի ժամանակին հայտնաբերման խնդիրը, սակայն, արդիական է մնում: Բանն այն է, որ հիպերտոնիայով մարդկանցից միայն կեսը գիտի, որ բարձր ճնշում ունի: Իմացողներից միայն կեսն է բուժման համար բժշկի դիմում, եւ դեղ ստացողներից միայն կեսի մոտ է բուժումն իսկապես արդյունավետ լինում:

Մինչդեռ եթե ճնշման կանխարգելիչ չափումների շնորհիվ ավելի մեծ թվով մարդիկ իմանան իրենց մոտ հիպերտոնիայի առկայության մասին եւ բուժում սկսեն, դա կբերի սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդացության, ինչպես նաեւ դրանց հետեւանքով մահացության նվազեցման: Մասնագետը հիշեցրեց, որ հիպերտոնիան գլխուղեղի եւ սրտի կաթվածների, ինչպես նաեւ սրտի ու անոթների այլ հիվանդությունների զարգացման կարեւորագույն ռիսկի գործոններից մեկն է:

Պարունակ Զելվեյանը նշեց, որ եթե մեկ անգամ չափելիս մարդու ճնշումը բարձր է եղել, դա դեռ չի նշանակում, որ նրա մոտ հիպերտոնիա կա. հնարավոր է՝ նա չափելուց առաջ սթրես է տարել կամ, օրինակ, ֆիզիկական վարժություններ է կատարել: Մարդու մոտ հիպերտոնիա ախտորոշելու համար, անհրաժեշտ է 2 շաբաթ ճնշումը պարբերաբար չափել կամ անցկացնել 24-ժամյա մոնիթորինգ՝ տեղի ունեցողի օբյեկտիվ պատկեր ստանալու համար:

Հիշեցնենք, որ հիպերտոնիայի խնդիրն այսօր արդիական է ամբողջ աշխարհում, եւ Հայաստանը բացառություն չէ. զարկերակային հիպերտենզիայով է տառապում Երեւանի մեծահասակ բնակչության շուրջ 30 տոկոսը: