• Latest news

Զարկերակային հիպերտենզիայով է տառապում երեւանցիների 30 տոկոսը

15 նոյեմբերի, 2018  16:57

Զարկերակային հիպերտենզիայով է տառապում Երեւանի մեծահասակ բնակչության շուրջ 30 տոկոսը: Այս մասին նոյեմբերի 15-ին լրագրողներին հայտնեց Երեւանի գլխավոր սրտաբան, պրոֆեսոր Պարունակ Զելվեյանը՝ ներկայացնելով սքրինինգային ծրագրի նախնական արդյունքները:

«Սա այսօրվա դրությամբ ամենախոշոր հետազոտությունն է. հետազոտությանը ներգրավվել է շուրջ 21 հազար մարդ: Նախնական վերլուծությունը ցույց է տվել, որ Երեւանում զարկերակային հիպերտենզիայի տարածվածությունը գործնականում այնպիսին է, ինչպես ամբողջ աշխարհում, այսինքն՝ դրանով տառապում է մեծահասակ բնակչության մոտ 30 տոկոսը: Օրինակ՝ Ուկրաինայում այս ցուցանիշը հասնում է մինչեւ 50 տոկոսի»,- հայտնեց Զելվեյանը:

Հետազոտությունն օգնել է նաեւ գնահատել զարկերակային հիպերտենզիայի բուժման արդյունավետությունը: Հարցաշարում կամավորների նշած տեղեկությունը համեմատելով նրանց զարկերակային ճնշման տվյալների հետ՝ մասնագետները եկել են այն եզրակացության, որ զարկերակային հիպերտենզիայի դեմ դեղեր ընդունող անձանց մոտ 40 տոկոսի առողջական վիճակն արդյունավետորեն վերահսկվում է:

«Այս ցուցանիշը 10-15 տարի առաջ կազմում էր 10 տոկոս, իսկ այսօր մենք կարողացել ենք հասնել մինչեւ եվրոպական երկրների ցուցանիշներ»,- նշեց նա:

Զելվեյանը հատուկ ուշադրություն դարձրեց այն փաստին, որ զարկերակային հիպերտենզիան ուղղակիորեն կապված է սրտի եւ գլխուղեղի կաթվածի հետ: «Մինչդեռ, արդյունավետ բուժման պայմաններում հնարավոր է նվազեցնել ոչ միայն զարկերակային ճնշումը, այլեւ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը»,- շեշտեց նա:

Հետազոտությունը կազմակերպել էին Հայկական բժշկական ասոցիացիան եւ Սրտաբանների հայկական ասոցիացիան՝ Հիպերտոնիայի միջազգային միության եւ Հիպերտոնիայի միջազգային լիգայի հետ համատեղ՝ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: Հետազոտության շրջանակում ընթացիկ տարվա մայիս-հունիսին կամավորները մարդկանց զանգվածային կուտակումների վայրերում (օրինակ՝ մետրոյում եւ այգիներում) չափել են պատահական անցորդների զարկերակային ճնշումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել