Ցանկացած տարիքում ցանկացած մարդու մոտ կարող է թութք առաջանալ, սակայն ամենից հաճախ այս խնդրի հետ առնչվում են հղի կանայք։ Կա կարծիք, որ հղիների շուրջ 50-80 տոկոսի մոտ վաղ թե ուշ թութք է առաջանում, ընդ որում շատերի մոտ ծննդաբերությունից հետո խնդիրը ոչ միայն չի լուծվում, այլեւ սրվում է։

Ինչու՞ է հղի կանանց մոտ այդքան հաճախ թութք առաջանում։ Հնարավո՞ր է այն ինչ-որ կերպքով կանխարգելել։ Այս թեմայով զեկույցով հունիսի 14-15-ին կայացած գիտաժողովի ժամանակ ելույթ է ունեցել վիրաբույժ Արմեն Վարժապետյանը։

Հղիների մոտ թութքի առաջացման հիմնական պատճառները

Փորկապություն. Փորկապությունը, որը հղի կանանց մոտ շատ հաճախ է հանդիպում, թութքի առաջացման հիմնական պատճառներից մեկն է։

Ֆիզիկական ակտիվության պակաս. Շատ կանայք սկսում են ավելի քիչ շարժվել, երբ իմանում են, որ հղի են, սակայն դրանով իսկ նրանք նպաստում են մարսողության խնդիրների եւ թութքի առաջացմանը։

Սննդակարգի առանձնահատկություններ. Շատ հաճախ հղի կանայք փոխում են իրենց սննդակարգը եւ սկսում են ավելի հաճախ օգտագործել աղի, կծու եւ թթու կերակուր, որն իրականում գրգռում է աղիքները եւ այլ գործոնների առկայության դեպքում կարող է թութքի առաջացման պատճառ դառնալ։

Արգանդի ծանրությունը. Հղիության վերջին շրջանում պտղի եւ արգանդը ծանրությունը կարող է նույնպես նպաստել թութքի առաջացմանը։

Հետծննդաբերական թութք. Ծննդաբերությունը որպես այդպիսին նույնպես կարող է թութքի գոյացմանը նպաստել, մանավանդ եթե հղիության ընթացքում կինը ոչ այնքան առողջ ապրելակերպ է վարել եւ փորկապություն է ունեցել։

Հնարավո՞ր է կանխարգելել թութքի առաջացումը

Թութքի առաջացումը ամբողջովին կանխարգելել հնարավոր չէ, սակայն եթե կինը չի ուզում նման խնդիր ունենալ, տրամաբանական է ենթադրել, որ նա չպետք է անի թութքի առաջացմանը նպաստող ոչ մի քայլ։ Մասնավորապես, հղիության ընթացքում խորհուրդ է տրվում ճիշտ սնվել եւ հնարավորինս հեռու մնալ փորկապությունից։ Շատ կծու կամ աղի կերակուր օգտագործել խորհուրդ չի տրվում. ավելի ճիշտ կլինի հետեւել գինեկոլոգների խորհուրդներին եւ սնվել բանջարեղենով, մրգերով, մսամթերքով, կաթնամթերքով եւ բջջանյութով հարուստ սնունդով։

Ինչ վերաբերում է ապրելակերպին, ամբողջ օրը նստելը կամ պառկելը լավ գաղափար չէ, եւ եթե հղի կինը չունի լուրջ խնդիրներ եւ հակացուցումներ, ֆիզիկական ակտիվությունը նրան անհրաժեշտ է (ինչպես եւ բոլոր այլ մարդկանց), քանի որ այն կօգնի մկանները պինդ պահել եւ չափից շատ ավելորդ քաշ չհավաքել։ Իհարկե, ցանկացած ֆիզիկական ակտիվությունից առաջ պետք է խորհրդակցել հղիությունը վարող բժշկի հետ։

Ի դեպ, հղիությունը վարող գինեկոլոգի հետ կարելի է զրուցել նաեւ թութքին վերաբերվող հարցերի շուրջ, քանի որ հենց այդ բժիշկը բոլորից լավ գիտի, թե ինչ է կարելի ուտել կամ անել տվյալ հղի կնոջը՝ թութքից եւ մի շարք այլ խնդիրներից խուսափելու համար։