10-ամյա Մայքլ Թովմասյանը խոսել չգիտի եւ մարդկանց հետ գրեթե չի շփվում, բայց փոխարենը շատ է սիրում համակարգչային խաղերը, հատկապես «կրակոցներն» ու ավտոարշավները։ Մայքլը աուտիզմ ունի, եւ առօրյա շատ գործեր նա մեծ դժվարությամբ է կատարում, բայց համակարգչի հետ «ընկերացել» է վաղուց։

Մայքլին ոչ ոք չի սովորեցրել համակարգչից օգտվելու ձեւը, նա ինքն է ամեն բան սովորել ինքնուրույն, ասում է տղայի հայրը՝ Սերոբ Թովմասյանը։ Երբեմն Մայքլը կարող է ամբողջ օրը նստել համակարգչի առջեւ եւ խաղալ, ընդ որում՝նա հիանալի մեքենա եւ ինքնաթիռ է «վարում»։ Ավելին, թեեւ Մայքլը ոչ խոսել գիտի, ոչ էլ կարդալ ու գրել, բայց կարող է գաղտնաբառեր մտցնել (տառերից ու թվերից բաղկացած) խաղերում, թեեւ դա նույնպես ոչ ոք նրան չի սովորեցրել։

Սերոբ Թովմասյանը չորս երեխաների հետ Հայաստան է եկել Սիրիայից 3 տարի առաջ։ Նրա կինը մահացել է մի քանի տարի առաջ, եւ հիմա նա մենակ դաստիարակում է երեխաներին։ Երեք ավագները (մեծը 16 տարեկան է), ըստ նրա, բավական ինքնուրույն են, նրանք գնում են դպրոց եւ օրվա ընթացքում հոգում են միմյանց մասին։ Իսկ ահա կրտսերին՝ Մայքլին, մշտական հսկողություն է պետք, ուստի հայրը ոչ մի րոպե նրան մենակ թողնել չի կարող։

«Ես պետք է մշտապես նրա կողքին լինեմ։ Մի անգամ տնից 30 րոպեով դուրս էի եկել, եւ Մայքլը ջուրը բացել ու իսկական ջրհեղեղ էր սարքել... Դրանից հետո վախենում եմ նրան մենակ թողնել։ Մենք ապրում ենք 4-րդ հարկում, եւ վախենում եմ մտածել, թե ինչ կարող է պատահել, եթե նա հսկողությունից դուրս մնա»,- ասել է Սերոբ Թովմասյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում։

Սննդի հետ կապված նույնպես խնդիրներ կան։ Տղան ուտում է միայն տապակած կարտոֆիլ, ցանկացած այլ ուտելիքից, անգամ մրգերից հրաժարվում է։ Եթե ստիպելով ինչ-որ բան ուտեցնես, կփսխի, ասում է հայրը։

Նա, մտածելով, որ նման սնունդը կարող է անբավարար լինել երեխայի համար, արդեն դիմել է բժշկի։ Բայց վերջինը միայն ուսերն է թոթվել. եթե չի ցանկանում այլ բան ուտել, թող ուտի տապակած կարտոֆիլ, ինչ կարող ես անել։

Քանի որ Սերոբը ստիպված է ամբողջ օրն անցկացնել երեխայի հետ, աշխատել նա չի կարողանում, ինչը ընտանիքը դժվար վիճակի մեջ է դնում։ Մայքլը հաշմանդամության նպաստ է ստանում 20 հազար դրամի չափով, բայց դա, հասկանալի է, բավական չէ անգամ սննդի համար։

Այն մասին, որ Մայքլի հետ ինչ-որ բան այն չէ, ծնողներն սկսել են կռահել, երբ լրացել է նրա 2 տարին. նրանց մյուս երեխաներն այդ տարիքում արդեն խոսում էին, իսկ Մայքլը՝ ոչ։ Ոչ խոսքային շփում շրջապատի հետ նա նույնպես չուներ. ասես նրա շուրջ մարդիկ պարզապես գոյություն չունեն։ Նա հիմա էլ ոչ մեկի հետ, հորից բացի, չի շփվում։ Հոր հետ հաղորդակցվելիս ժեստերով փորձում է հասկացնել, թե ինչ է ուզում։

«Չեմ կարող ասել, թե լիովին հասկանում եմ, չէ։ Բայց մոտավորապես հասկանում եմ, թե ինչ է ուզում ասել։ Ես գիտեմ մի քանի լեզուներ՝ արաբերեն, հայերեն, բայց նա ասես խոսում է իր սեփական լեզվով, որը ոչ ոք չի հասկանում»,- ասել է Սերոբը։