Ճարպակալման խնդրի հրատապությունը շարունակում է խորանալ տարեցտարի։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ 1975-2016 թվականներին ճարպակալմամբ տառապող մարդկանց թիվն ամբողջ աշխարհում ավելացել է ավելի քան երեք անգամ։ 1975-ին ճարպակալմամբ տառապում էր 5-19 տարեկան երեխաների եւ պատանիների 1 տոկոսից պակասը, իսկ 2016-ին նրանց թիվը հասել է 124 միլիոնի (6 տոկոս աղջիկներ, 8 տոկոս տղաներ)։
Ինչպես նշում է Հայաստանի առողջապահության նախարարության մանկական էնդոկրինոլոգիայի հարցերով խորհրդական, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան, այս խնդիրը հրատապ է նաեւ Հայաստանի համար։ «Ավելորդ քաշ ունեցող երեխաների թիվն աճում է ամբողջ աշխարհում։ Ճարպակալումը դժվար է ենթարկվում բուժման, եւ այստեղ կարեւոր դեր է խաղում կենսակերպի փոփոխությունը»,- ասել է նա մայիսի 29-ի մամուլի ասուլիսում։
Ճարպակալումը սպառնում է բարդություններով, որոնք կարող են անդրադառնալ, օրինակ, անոթների, հոդերի կամ ողնաշարի վրա։ Մարմնի զանգվածի ավելացումը ի հաշիվ ճարպահյուսվածքի՝ վտանգավոր է նաեւ պատանեկան տարիքում։ «Եթե դեռահասի մոտ ճարպակալում է սկսվել, ապա մեծ է այն հավանականությունը, որ 20 տարեկանում նա կտառապի ճարպակալմամբ եւ կունենա անոթների հետ կապված խնդիրներ»,- ասել է Աղաջանովան։
Ճարպակալումը երկրորդ տեսակի դիաբետի առաջացման ռիսկի գործոններից մեկն է։ Սովորաբար երկրորդ տեսակի դիաբետը կրում է ժառանգական բնույթ, ինչի հետեւանքով իրենց առողջությանը պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնեն նրանք, որոնց ծնողները տառապում են այս հիվանդությամբ։ Ճարպակալումը բարձրացնում է նաեւ սրտանոթային հիվանդությունների եւ հենաշարժողական համակարգի խանգարումների հավանականությունը։
ԱՀԿ տվյալների համաձայն՝ ճարպակալմամբ տառապող երեխաներն ունենում են շնչարգելություն, ավելի շուտ են ենթակա կոտրվածքների, հակված են բարձր ճնշում ունենալու։ Բացի այդ, մանկական ճարպակալումը բարձրացնում է վաղաժամ մահվան եւ տարեց հասակում հաշմանդամության հավանականությունը։






