Արյան բարձր ճնշումը ամենամեծ տարածում գտած հիվանդություններից է: Այն ինսուլտի, ինֆարկտի եւ այլ առողջական խնդիրների պատճառ կարող է դառնալ: Եթե տառապում եք այս հիվանդությամբ, անշուշտ գիտեք, որ «թվերը» նորմայի մեջ պահելու համար կենսակերպի լուրջ փոփոխություններ  են պահանջվում: Նատրիումի ցածր քանակություն ենթադրող դիետան, ֆիզիկական վարժությունները եւ նվազագույն սթրեսը բժիշկների առաջնային ցուցումներն են:

Հիմա արդեն գիտնականները նոր զենք են ավելացրել արյան բարձր ճնշման դեմ պայքարի զինանոցին: Խոսքը իզոմետրիկ ձեռնագնդի մասին է, տեղեկացնում է NewsMax Health-ը:

Կանադայում գտնվող  McMaster համալսարանի գիտահետազոտական խմբի անդամները արյան բարձր ճնշմամբ տառապող հիվանդներին խնդրել են շաբաթական երեք անգամ մի քանի րոպե տեղությամբ էսպանդերին նմանվող գործիքով վարժություններ կատարել:

8-10 շաբաթների ընթացքում հաստատուն դիետա պահպանող եւ նշանակված այլ վարժություններն իրականացնող հիվանդների սիստոլիկ ճնշումը` վերին ցուցանիշը, որը սրտի հարվածի ընթացքում զարկերակի մեջ արյան ճնշումն է արտացոլում, նվազել է 15 տոկոսով: Իսկ ահա դիաստոլիկ ցուցանիշը` հարվածների միջակայքում գրանցվող ճնշումը, նվազել է երեք կետով:  Թերապիայի այլ միջոցների արդյունքում գրանցվող փոփոխությունների համեմատ, այս միջոցը նշանակալի առաջընթաց է արձանագրում: Պատճառն այն է, որ ձեռքի շարժումների արդյունքում քներակի եւ այլ արյունատար անոթների պատերը առավել ճկուն են դառնում` սրտի ուղղությամբ առավել մեծ ծավալի արյան հոսք ապահովելով:

Բայց ինչո՞ւ է այդպես.

«Արյան ճնշման նվազեցում ապահովող մեխանիզմները դեռեւս պարզ չեն մեզ համար, բայց դրանք, ամենայն հավանականությամբ, սրտի եւ արյունատար անոթների նյարդային կարգավորմանն են առնչվում», - նշել է գիտահետազոտական խմբի ղեկավար, կինեզիոլոգիայի պրոֆեսոր Մաուրեն ՄաքԴոնալդը:

Նրա ուսումնասիրության հիմքում դեռեւս 1960-ականներից կիրառվող պրակտիկան է. օդաչուները բարձր արագությամբ թռիչքի ժամանակ ճնշման հետ կապված բարդություններից խուսափելու համար էսպանդեր են օգտագործում:

Այդուհանդերձ, բժիշկները շտապում են նկատել, որ հիշատակված վարժությունը 140/90-ից բարձր ճնշում ունեցող հիվանդների համար բուժման միակ միջոց չի կարող համարվել: Այն ընդամենը արդյունավետ հավելում է` բուժման ավանդական միջոցներին: Բացի այդ, հարկավոր է համոզվել, որ գործիքը հարմար է ձեռքի ափին եւ շատ թույլ չի սեղմվում: Այնպես, որ երկու րոպե անց չկարողանաք ընդլայնմանը դիմադրել:

Ներկայացնենք մի քանի խորհուրդներ առ այն, թե ինչպես պետք է վարժությունը կատարել.

• Գունդը սեղմելուց հետո սպասեք հինգ վայրկյան, այնուհետեւ բաց թողեք

• Կրկնեք վարժությունը երկու րոպեի ընթացքում, ապա եւս երկու րոպե հանգստացեք

• Կրկնեք վարժությունը մյուս ձեռքով

• Յուրաքանչյուր ձեռքով չորս անգամ կրկնեք վարժությունը

• Որոշ ժամանակ անց գունդը սեղմված վիճակում մի քանի վայրկյան ավելի երկար պահեք

• Կատարեք վարժությունը շաբաթական առնվազն երեք անգամ